Գերմանացի բաս Պապեն՝ Էյվազովին. Ատելություն չբերել իմ քաղաք

Գերմանացի բաս Պապեն՝ Էյվազովին. Ատելություն չբերել իմ քաղաք

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ գերմանացի բաս Ռենե Պապեն՝ մեկնաբանելով ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի վարքագիծը, ով հրաժարվել է ելույթ ունենալ հայ երգչուհու հետ, հորդորել է տենորին ատելություն չբերել իր քաղաք: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

Հունվարի 13-ին ադրբեջանցի օպերային երգիչը, ըստ «Ֆորում Օպերա» ամսագրի»՝ քաղաքական դրդապատճառներով հրաժարվել է ելույթ ունենալ հայազգի սոպրանոյի հետ: Աղբյուրը նշել է, որ երկու արտիստն էլ պետք է ելույթ ունենային փետրվարի 7-ին՝ Դրեզդենում կայանալիք համերգին, բայց, չնայած հրավերին, կազմակերպիչ Semper Opernball ասոցիացիայից հայազգի սոպրանոյին խնդրել են չներկայանալ:

«Սովորաբար ես այսպիսի երևույթները չեմ մեկնաբանում, բայց որպես ծնունդով դրեզդենցի, երաժշտության, արվեստի և ռասիզմին դեմ դեսպան, ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլեգա Յուսիֆին, ատելություն չբերել իմ քաղաք, կամ որևիցէ մի այլ տեղ: Հնարավորություն ունենալ երաժշտությամբ զբաղվելու նշանակում է կամուրջներ կառուցել, այլ ոչ թե դրանք ավերել:

Սիրելի Յուսիֆ եթե չգիտես, ապա ասեմ քեզ, որ Դրեզդենն ունի պատմական շատ պայծառ, շատ մութ և նաև փառավոր երաժշտական անցյալ: Այս քաղաքը կրկին իր ճանապարհն է հարթում Եվրոպայի և աշխարհի մեծագույն քաղաքներից մեկը դառնալու համար: Հրավիրված լինել այստեղ երգելու և ունկնդրին երջանկացնելու շատ մեծ պատիվ է և առավելություն: Դու պետք է երջանիկ և հպարտ լինես նրա մի մասնիկը դառնալու համար: Ուզում ես հիշվել որպես արտիստ, ոչ թե ատելության կրող…», - նշել է Պապեն՝ Էյվազովին հասցեագրված իր հորդորում.

Էյվազովին դիմել է նաև գերմանացի մեկ այլ երգիչ՝ Թոմաս Քվասթոֆը, նշել է Պապյանը՝ ներկայացնելով վերջինիս հորդորն Էյվազովին թարգամանաբար. «Պարոն Էյվազով, ամո՛թ Ձեզ: Ռասիզմը երգչի մասնագիտության և առհասարակ այս աշխարհում անելիք չունի»,- գրել է նա:

Ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում հերքել էր լուրը՝ նշելով, որ կոսմոպոլիտ արտիստ է, իսկ իր քաղաքական հայացքները ոչ մի կերպ չեն ազդում մասնագիտական կյանքի վրա:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---