Ծառուկյան. Սպանդանոցների հարցում ծանրությունը թողնում են գյուղացու վրա

Ծառուկյան. Սպանդանոցների հարցում ծանրությունը թողնում են գյուղացու վրա

PanARMENIAN.Net - Սպանդանոցների հարցում ծանրությունը թողնում են ֆերմերների, գյուղացու վրա, անդրադառնալով սպանդանոցներում պարտադիր մորթի մասին օրենքին՝ ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նրա խոսքով՝ ՀՀ-ում գյուղատնտեսության վիճակը վատ է և պետությունը պետք է սուբսիդավորի ոլորտը:

«Եթե մարդը պետք է բարձի, տանի, սպանդանոցում էլ գումար վճարի, դա նշանակում է, որ եթե կենդանին հանձնելուց պետք է ստանա 250,000 դրամ, ուրեմն 50-60,000-ի կորուստ պետք է ունենա։ 20,000 պետք է տրանսպորտին տա, մի 25,000՝ մորթելուն.... Դրա համար ցանկացած երկրում գյուղատնտեսության համար պետությունը սուբսիդավորում է։ Այստեղ էլ մարդկանց պետք է սուբսիդավորի։ Հայաստանում գյուղատնտեսության վիճակը շատ վատ է։ Ինձնից լավ գիտեք՝ ջրի կես լիտրը 200 դրամ է, իսկ 1 լ կաթը վաճառվում է 110-120 դրամով։ Կաթն ավելի էժան է, քան թե ջուրը», - ասել է Գագիկ Ծառուկյանը։

Կառավարության շենքի առջև մի քանի օր է՝ տասնյակ ֆերմերներ և գյուղացիներ բողոքում են սպանդանոցային պարտադիր մորթի պահանջի դեմ: Նրանք պահանջում են, որ ամեն համայնքում լինի մեկ սպանդանոց, բողոքում են, որ սպանդանոցները հեռու են, ամեն անգամ չեն կարող իրենց անասուններին այդքան ճանապարհ տեղափոխել, գումար վճարել մորթի համար:

Հունվարի 16-ին մոտ 30 սպանդանոցի ներկայացուցիչներ փաստաթուղթ են ստորագրել, որով սահմանվել է սպանդի առավելագույն գինը: Կենդանիների տերերից սպանդանոց տեղափոխումը մինչև 30 կմ շառավղով, 3 գլխից ոչ պակաս, անվճար է, մեկ կենդանու դեպքում՝ 3000 դրամ: Խոշոր կենդանու մորթն առավելագույնը կարժենա 10,000 դրամ, մանր եղջերավորների՝ 3500, իսկ խոզերի՝ 5000 դրամով:

Ներկայումս հանրապետության տարածքում 22 սպանդանոց է գործում. 1-ը՝ Արագածոտնում, 10-ը՝ Կոտայքում, 2-ը՝ Լոռիում, 2-ը՝ Սյունիքում, 2-ը՝ Արարատում, 1-ը՝ Տավուշում, 1-ը՝ Վայոց Ձորում, 2-ը՝ Երևանում: Եվս 20 սպանդանոց կառուցման փուլում են, 26-ը՝ նախագծման ու թույլտվությունների ստացման փուլում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---