ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումը

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումը

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը, որտեղ նշվում էր, թե Բարձր դատարանի գործունեությունը կարգավորող «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը հնարավորություն չի տալիս ՍԴ-ին պարզաբանել իր իսկ կայացրած որոշումները:

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը 2019-ի դեկտեմբերի 25-ի դիմումով խնդրել էր Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը ՍԴ որոշումները պարզաբանելու մասով:

Մերժման հիմնավորման մեջ նշվում է, որ դիմողը պետք է փաստեր իրավական բացն ու հիմնավորեր, որ այն Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա է:

«Ցանկացած դատարան, առավել ևս նրանք, որոնց որոշումները վերջնական են, իրենց որոշումները պետք է շարադրեն այնպես, որ պարզաբանման անհրաժեշտություն չառաջանա, իսկ պարզաբանումը լինի բացառություն կանոնից. ՍԴ-ի դեպքում որոշումների պարզաբանման օրենսդրական ամրագրումը պետք է հիմնավորվի ծանրակշիռ փաստարկների վկայակոչմամբ», - ասվում է ՍԴ որոշման մեջ:

2019-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել Քոչարյանի դիմումում վիճարկվող երկու հոդվածից մեկը՝ Քրեական դատավարության մասին օրենսգրքի 35-րդ հոդվածը, որն առնչվում է քրգործի վարույթը կամ քրհետապնդումը բացառող հանգամանքներին։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք էր առաջադրվել 2018-ի հուլիսին, ՔՕ 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոցն ընտրվել էր կալանավորումը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---