ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը հավանություն է տալիս Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սկսված քաղաքական երկխոսությունը եւ պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ գործընթացի շարունակությանը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած «Եվրամիությունն ու Հարավային Կովկասը. Անվտանգ գործընկերությո՞ւն» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը: «Ստամբուլում Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումից հետո նրանք պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ հարաբերությունների հաստատման գործընթացը, եւ սա արդեն իսկ հուսադրում է»,-ասել է գերմանացի դիվանագետը:



Հայ-թուրքական երկխոսության սկիզբ հանդիսացավ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Երեւան սեպտեմբերի 6-ին: Գյուլին Հայաստան էր հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ խաղը դիտելու նպատակով:



Նոյեմբերի 24-ին Ստամբուլում տեղի ունեցավ Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Ալի Բաբաջանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---