Վարչապետի առաջարկը՝ սպանդանոցային պարտադիր մորթի մասին օրենքը կիրառել հուլիսի 1-ից

Վարչապետի առաջարկը՝ սպանդանոցային պարտադիր մորթի մասին օրենքը կիրառել հուլիսի 1-ից

PanARMENIAN.Net - Սպանդանոցային պարտադիր մորթի մասին արդեն ուժի մեջ մտած օրենքի գործարկումը կհետաձգվի մինչև հուլիսի 1-ը, իսկ մինչ այդ ոլորտում անհրաժեշտ կարգավորումներ կարվեն: Նման առաջարկ Ազգային ժողովում Կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ այս հարցն առնչվում է երկրի վարկանիշին և քաղաքակրթությանը, սակայն բողոքող քաղաքացիները մեկ արդարացի դիտարկում են արել՝ հանրապետությունում չկան բավարար քանակի և խտության սպանդանոցներ: Վարչապետն ասում է՝ սպանդանոցների պակասը նաև որոշման հետաձգման պատճառով է. ներդրողները հրաժարվում են սպանդանոցներ կառուցել նմանատիպ պայմաններում:

«Մենք առաջարկում ենք հետևյալը. մինչև փետրվարի 6-ը Կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերում և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումները, որ սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմանները: Մարզպետարանների և Սննդի անվտանգության տեսչության հետ միասին գործադիրը կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ և հասցեական կֆինանսավորվեն այն նախագծերը, որոնք լուծելու են սփռվածության և հասանելիության խնդիրը»,- ասել է վարչապետը:

Փաշինյանն առաջարկել է մինչև հուլիսի 1-ն աշխատել, գործընթացը վերջնականապես ավարտել և անցնել սպանդանոցային պարտադիր մորթի: Ըստ նրա՝ մինչև հուլիսի 1-ը, բացառությամբ Երևանի սուպերմարկետների և սննդի ցանցերի, հանրապետության մյուս վայրերում կպահպանվի նախորդ կարգավորումը, իսկ հուլիսի 2-ից ՀՀ-ն կանցնի արդեն ընդունված՝ սպանդանոցային պարտադիր մորթի:

Հունվարի 15-ից Հայատանում ուժի մեջ էր մտել սպանդանոցային պարտադիր մորթի մասին օրենքը: Ֆերմերներն ու գյուղացիները մի քանի օր Կառավարության շենքի առջև, ապա նաև համայնքներում բողոքի ցույցեր էին անում օրենքի դեմ՝ նշելով, որ այն լրացուցիչ ֆինանսական բեռ ու դժվարություն է ստեղծում իրենց համար:

Կարդացեք նաև՝ Սպանդանոցո՞ւմ, թե՝ բակում. Հայաստանում մորթի հարցի քննարկման կարճ պատմությունը

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---