Մակունց. Մարությանը չի զանգահարել՝ խնդրելու խոչընդոտել քննիչ հանձնաժողովի ստեղծմանը

Մակունց. Մարությանը չի զանգահարել՝ խնդրելու խոչընդոտել քննիչ հանձնաժողովի ստեղծմանը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի զանգահարել՝ խնդրելու խոչընդոտել քննիչ հանձնաժողովի ստեղծմանը։ Այս մասին հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար հանձնաժողով ձևավորելու նախագծի չընդունվելուն:

«Օրենքից շեղում կատարելը, մեր գնահատմամբ, կարող է շատ վատ նախադեպ լինել։ Հարցը ոչ թե քննիչ հանձնաժողով չստեղծելն է, այլ թույլ տալ, որ հարցը քննարկվի այն կառույցում, որը լիազորված է դա անել։ Ի վերջո՝ Երևանի ավագանին մանդատ է ստացել՝ համապատասխան գործառույթներ իրականացնելու», - ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։

Մակունցը նշել է, որ քաղաքական օրակարգը չի կարող վեր լինել իրավական նորմերից, և ԱԺ-ն լիազորված չէ ստեղծել քննիչ հանձնաժողով:

Հունվարի 22-ին ԱԺ-ն մերժել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած` 2018-ի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևանին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևանի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել էր, որ իշխանությունը կամք չունի Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինայնը նշել էր, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն իրավական վերլուծություն է արել և եզրակացրել, որ քննիչ հանձնաժողով չի կարող ձևավորվել, քանի որ դա չի համապատասխանում Սահմանադրությանն ու օրենսդրությանը: Փաշինայնը նշել էր նաև, որ քաղաքապետարանն ունի իր խորհրդարանը՝ ի դեմս Ավագանու:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---