27 նոյեմբերի 2008 - 15:55 AMT
ԵՄ-ն երկրներին չի պարտադրում շարժվել եվրաինտեգրման ճանապարհով
«10 տարի առաջ Հարավային Կովկասի երկրները շատ հեռու էին Եվրամիությունից: Այն ժամանակ մեր բոլոր ջանքերն ուղղված էին Եվրամիության ընդլայնմանը, եւ մենք մեր արեւելյան եւ հարավային հարեւանների հետ համագործակցության հաստատման նոր տեսություն ստեղծեցինք: Հենց այդպես ստեղծվեց Եվրոպայի հարեւանության քաղաքականության ծրագիրը, եւ նրա մեկնարկը շատ դժվար էր»,- այսօր Երեւանում կայացած «ԵՄ եւ Հարավային Կովկաս. անվտա՞նգ գործընկերություն» միջազգային ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը: Եվրոպական դիվանագետի խոսքերով, չնայած ԵՄ գործընկերներրի եւ անդամների միջեւ գոյություն ունեցող տարբերություններին, նրանց միջեւ ընդհանուր շատ բան կա, եւ շարունակելով փոխգործակցությունը` ԵՄ-ն եւ գործընկեր երկրները ձեւավորում են ապագա համագործակցության տեսությունը:

«Մեր գործընկերներին մենք առաջարկեցինք ժողովրդավարության եւ անվտանգության ոլորտում մեր ունեցած փորձն ու հաջողությունները: Այդ երկրներից յուրաքանչյուրին մենք առաջարկեցինք տնտեսության, դատական համակարգի, ժողովրդավարության, կաշառակերության դեմ պայքարի եւ այլ ոլորտներում համատեղ ծրագիր մշակել»,- նկատել է Ռաուլ դե Լուցենբերգերը` ավելացնելով, որ ներկայացված Գործողությունների ծրագիրը ցուցակ չէ, որից կարելի է բացառել անցանկալի կետերը: «Դա առաջարկությունների միասնական փաթեթ է եւ միայն կատարելով այդ համալրված փաթեթի բոլոր կետերը` կարելի է ցանկալի արդյունքի հասնել»,- նշել է Հայաստանում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավարը` ավելացնելով, որ ԵՄ-ն երկրներին չի պարտադրում շարժվել եվրաինտեգրման ճանապարհով: Եվրամիության գործընկերները պետք է իրենք կողմնորոշվեն, թե արդյոք նրանք ցանկանում են մերձենալ ԵՄ հետ, թե` ոչ: