Փաշինյան. ՍԴ ղեկավարը դարձել է քաղաքական ընդդիմություն և ներքաշվել «հիբրիդային հեղաշրջման» մեջ

Փաշինյան. ՍԴ ղեկավարը դարձել է քաղաքական ընդդիմություն և ներքաշվել «հիբրիդային հեղաշրջման» մեջ

PanARMENIAN.Net - Նախկին իշխանության ներկայացուցիչները փորձ են անում միջազգային կառույցներում վարկաբեկել ՀՀ-ին՝ ասելով, թե ներկայիս իշխանությունը անձնական հաշվեհարդարի փորձ է անում ՍԴ ղեկավար Հրայր Թովմասյանի դեմ՝ հետապնդելով նրան: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ավելի վաղ իր կողմից գրչի մասին գրառմանը՝ Փաշինյանը նշել է, որ շատ կարևոր դետալ է ներկայացրել, սակայն պատրաստվում է պատմել ամբողջ պատմությունը՝ ամբողջացնելով մանրամասները:

Հունվարի 25-ին վարչապետը հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն։

«2018 թվականի մայիսից սկսած, սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո՝ ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանը իր ծառայություններն է առաջարկել ինձ, ասելով, որ «քանի որ ես եմ Սահմանադրության էս տեքստի հեղինակը, և ես Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր»։ Եվ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա Սահմանադրական դատարան», - նշել էր վարչապետը

Արձագանքելով ծառայություններ մատուցելու մասին հայտարարությանը՝ Թովմասյանը 20 օր էր տվել Փաշինյանին` իր խոսքերը հիմնավորող արժանահավատ փաստեր հրապարակելու համար, նշելով, որ հակառակ դեպքում կդիմի դատարան։ Վարչապետն իր հերթին գրել էր, որ կհրապարակի ՍԴ նախագահի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը: Նա խնդրել էր իրեն չմեղադրել «անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ»:

Փաշինանն ավելի ուշ հրապարակել էր գրիչի նկար՝ նշելով, որ այն Թովմասյանն է իրեն նվիրել:

«Նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց: Գրառումներս արեցի, ելույթ ունեցա ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի եւ այլն։ Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում»,- գրել էր Փաշինյանը: Ավելի ուշ վարաչապետը նշել էր, որ ինքը շոկի մեջ է՝ գրիչի գինն իմանալով:

«Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարևոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց»,- գրել էր Փաշինյանը։

Ուղիղ եթերում վարչապետը հայտարարել է, հեղափոխությունից հետո նոր ձևավորված կառավարությունը Հրայր Թովմասյանի հրաժարականը չի պահանջել, քանի որ որոշվել է հարցին մոտենալ ինստիտուցիոնալ, իրավական կտրվածքով: Վարչապետը հիշեցրել է, որ նույնիսկ ԱԺ ղեկավար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ չի կարծում, թե Թովմասյանը պետք է հրաժարական տա, և դրա համար քննադատվել էր:

«Չնայած այդ հանգամանքին, մեր դիրքորոշումը և անձամբ իմ վերաբերմունքը լիարժեք չէր այս իրավիճակին: Կա իրավաբանների և մարդկանց խումբ, ովքեր մեկ-երկու անգամ ինձ դիմել են և ասել են, որ ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի գտնվելն ապօրինի է, բայց կա նաև այլ հանգամանք՝ իրենք ունեն տեղեկատվություն, որ այդ կոմբինացիան առանց կեղծիքների հնարավոր չէր լինի իրականացնել»,- հայտարարել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Թովմասյանի՝ ապօրինի կերպով պաշտոն զբաղեցնելու մասին գործով սկսել են զբաղվել այն ժամանակ, երբ ստուգել են տեղեկատվության հավաստիությունը:

«Այն պահից, երբ ՍԴ նախագահի համար ակնհայտ էր, որ իշխանությունը ոչ մի կերպ չի համաձայնում և չի համաձայնելու իր արած կեղծիքները կոծկել, նա սկսեց քաղաքական դաշտում իր համար որոշակի քաղաքական պաշտպանություն փնտրել: Այս ամբողջ պրոցեսը կուլմինացիային հասավ ապրիլ-մայիս-հունիս ժամանակաշրջանում, և տարբեր տեղերում սկսեցին պաշտպանություն փնտրել, որոնք , իմ գնահատականով, ուղղված էին ՀՀ պետական շահերի դեմ»,- հայտարարել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ անառարկելի փաստ է, որ ՍԴ նախագահի ընտրությունն ԱԺ-ում եղել է կեղծիքով: Փաշինյանն ասել է, որ իրենք որոշել են գնալ իրավական ճշգրիտ գնահատականների և լուծումների ճանապարհով:

«Չի կարելի սիրո և համերաշխության հեղափոխության հասնել և խնդիր դնել ունենալ խամաճիկային ՍԴ: Երբ ՍԴ նախագահը տեսել է, որ մեզ պետք չէ դա, դարձել է ընդդիմություն: ՍԴ նախագահը դարձել է քաղաքական ընդդիմություն և ներքաշվել է «հիբրիդային հեղաշրջման» տրամաբանության մեջ: Պետք է հետաքննվի՝ ուր են գնացել, ում հետ են հանդիպել, կարող է պարզվել ՀՀ ազգային անվտանգության հետ կապված խնդիր է»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ գրիչն այս պատմության դետալ է:

Վարչապետի խոսքով՝ այս պատմության մասին իմացել է 3 հոգի, նրանցից երկուսը գործող իշխանության նկատմամաբ «ակնհայտ թշնամանքով են հանդես գալիս»:

Խխոսելով նվեր ստացած գրիչի մասին, Փաշինյանը հայտարարել է, որ «սատանան մանրուքների մեջ է», ինքը ցույց էր տվել մանրուքը, սակայն չէր բացել ֆոնը: Նա նշել է, թե ՀՀ-ն չի կարող ունենալ կեղծիքով ընտրված ՍԴ ղեկավար և ուրախ է, որ կուլիսային բանակցությունենրի չի գնացել:

Հունվարի 27-ին Թովմասյաին պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարել էր, որ պաշտպանական թիմը հայցադիմում է պատրաստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը»,- գրել էր Մակինյանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---