Վրաստանի հայերը պահանջում են դադարեցնել հայկական մշակութային ժառանգության բարբարոսական ոչնչացումը

PanARMENIAN.Net - Վրաստանի հայ հասարակությունը բողոքում է Թբիլիսիի հայկական Նորաշեն եկեղեցու ավերման դեմ: Վիրահայերի բաց նամակում, մասնավորապես, ասվում է. «Մենք, Վրաստանի հայ համայնքի ներքոստորագրյալ անդամներս, խնդրում ենք դադարեցնել Վրաստանում հայկական պատմական ժառանգության ծրագրված ոչնչացումը Վրաց ուղղափառ եկեղեցու առանձին ներկայացուցիչների կողմից: Խորը վրդովմունք է առաջացնում Սուրբ Նորաշեն եկեղեցին գրավելու հերթական փորձը, այդ եկեղեցին ծառայել է հայ ժողվորդին 15-րդ դարից ի վեր: Թիֆլիսահայերի շատ սերնդներ են կնքվել այդ եկեղեցում, Նորաշենի պատերի մոտ է հանգչում Թիֆլիսի պատվավոր քաղաքացիների աճյունը...Սակայն Թբիլիսիի հայերն արդեն որերորդ տարին է զրկված են Նորաշեն այցելելու հնարավորությունից: Եկեղեցին ոչ թե ուղղակի փակ է հավատացյալների համար` այն ոչնչացման եզրին է, բարբարոսաբար ոչնչացվել է եկեղեցու զոհասեղնաը Հովնաթան Հովնաթանյանի եզակի որմնանկարները: Ոչնչացվում են եկեղեցու պատերին եւ ներսում եղած հայերեն գրառումները, պղծվում են պատերի մոտի գերեզմանները:



2008թ. մայիսին Վրաց ուղղափառ եկեղեցու (ՎՈՒԵ) սպասավոր, հայր Տարիել Սիքինչելաշվիլու անմիջական ղեկավարությամբ սկսվել է ցանկապատի կառուցում Նորաշենի շուրջ: Փաստորեն եկեղեցին գտնվում է ցանկապատի այն կողմում, վրացական եկեղեցու հարեւանությամբ: Ցանկապատի վրա պատկերված են ՎՈՒԵ-ի համար բնորոշ խորհրդանիշներ: Հայ հանրությունը բազմիցս է իր վրդովմունքը հայտնել այդ առիթով:



Հարկ է հիշեցնել, որ Նորաշենը «վրացականացնելու» փորձերը սկսվել են դեռեւս 1989թ.: 1994-1995թթ., նույն հայր Տարիելը ցանկանալով ոչնչացնել այս եկեղեցու հայկական պատկանելության մասին վկայող փաստերը, քանդեց զոհասեղանը, որի ձեւը բնորոշ է զուտ Հայ Առաքելական եկեղեցու համար, վարպետ Պետրոսի պատին արված արձանագրությունները, որ պատմում էին 1650թ. գմբեթի վերակառուցման մասին, եւս ոչնչացվեցին: Մյուս հայկական արձանագրությունները` երկու խաչքարերն ու Հովնաթանյանների դպրոցի 19 դ. երկու հոյակապ որմնանկարները: Փոխարինվեցին հայկական զարդանախշերով դռները:



Մինչ օրս անլուծելի է մնում Խորհրդային շրջանում առգրավված 5 հայկական եկեղեցիների խնդիրը` Սուրբ Նորաշենի` 15դար, Սուրբ Նշանի` 18 դար, Շամխորեցոց Սուրբ Աստվածածնի (երկրորդ անվանումն է Կարմիր Ավետարան)` 18 դար, Երեւանցոց Սուրբ Մինասի` 18դ., եւ Մուղնի Սուրբ Գեւորգի` 14 դար, ինչպես նաեւ Ախալցիխեի 19 դարի Սուրբ Նշան եկեղեցու խնդիրը: Օգտվելով Կրոնի մասին օրենքի բացակայությունից, որն, ըստ ամենայնի, միտումնավոր չի ընդունվում, զրկելու համար մեր եկեղեցուն (ինչպես եւ բոլոր կրոնական փոքրամասնություններին) իր սահմանադրական իրավունքները օրինական կերպով պաշտպանելու հնարավորությունից: Վրաց եկեղեցու առանձին սպասավորներ Վրաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանության թողտվությամբ գրավում է դեռեւս Խորհրդային իշխանությունների ժամանակվանից փակված հայկական ելեղեցիները: Ցավոք, այս ամենը չի կարելի որակել այլ կերպ, քան կրոնական խտրականություն, հայ եկեղեցու հավատացյալների ուղղակի վիրավորանք, բարոյական եւ հոգեւոր ճնշում նրանց վրա, իսկ ՎՈՒԵ-ի մի շարք սպասավորների գործունեությունը` որպես միջդավանական թշնամանքի բորբոքում: Ավելին, երկրում ոչնչացվում են եզակի ճարտարապետական հուշարձաններ, որոնք ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ Վրաստանի մշակութային ժառանգությունն են:



Մենք, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներս, պահանջում ենք վճռական միջոցներ ձեռնարկել, որոնք կկասեցնեն մեր ժողովրդի պատմական եւ մշակութային ժառանգության բարբարոսական ոչնչացումը Վրաստանում եւ դադարեցնել Վրաստանի հայազգի քաղաքացիների սահմանադրական իրավունքների ոտնահարումը: Դա է պահաջում մեր եղբայրական քրիստոնյա ժողովրդների բազմադարյա բարեկամությունն ու պայքարը հանուն հավատքի եւ ճշմարտության: Մեր պահանջներն են`

1.Դադարեցնել ոտնձգությունը մեր եկեղեցիների դեմ

2.Վերադարձնել դրանք Հայ Առաքելական եկեղեցու թեմին

3.Ընդունել Օրենք կրոնի մասին, որը կերաշխավորի բոլոր հավատացյալների իրավունքները` ոչ միայն ուղղափառ, ինչպես այժմ, այլ նաեւ այլ դավանանքների ու կոնֆեսիաների

4.Պատասխանատվության կանչել այն անձանց, որոնք նպաստում են եւ թշնամանք են բորբոքում եղբայրական հայ եւ վրաց ժողովրդների միջեւ

5. Դադարեցնել Վրաստանի հայազգի քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտումը:



Նամակը ստորագրել են Վրաստանի շուրջ հազար քաղաքացիներ, ստորագրահավաքը շարունակվում է:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---