ՀՀ-ն կորոնավիրուսի ախտորոշիչ թեստեր կստանա Չինաստանից

ՀՀ-ն կորոնավիրուսի ախտորոշիչ թեստեր կստանա Չինաստանից

PanARMENIAN.Net - Հայաստանը Չինաստանից ախտորոշիչ թեստեր կստանա՝ կորոնավիրուսը հայտնաբերելու համար, հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Արդեն ասվել է, որ բժշկական ախտորոշիչ թեստերի հետ կապված խնդիր ունենք, խնդիր ունեն բոլորը, քանի որ հիվանդությունը նոր է, ախտորոշիչ թեստը նոր է մշակվում։ Սակայն մենք այսօր արդեն պայմանավորվածություն ունենք չինական մի արտադրողի հետ՝ թեստեր ձեռք բերելու համար։ Դեսպանատունը մի քանի ժամվա մեջ այդ թեստերը ձեռք կբերի և կուղարկի Հայաստան, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք կիրառվեն», - ասել է նախարարը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ այդ թեստերը կիրառվում են միայն կլինիկական ախտանիշների ի հայտ գալու դեպքում։

«Մինչ օրս թե ՀՀ քաղաքացիները, որոնք վերադարձել են Չինաստանից և ունեցել են այդ ախտանիշները՝ փռշտոց, հազ, թե Չինաստանի այն քաղաքացիները, որոնք ունեցել են նման ախտանիշներ, նրանց մոտ կորոնավիրուսին բնորոշ կլինիկա չի եղել։ Նրանց մոտ եղել է սովորական գրիպի վիրուս։ 99,9% հավանականությամբ կարող ենք ասել, որ այս պահին Հայաստանում որևէ դեպք չունենք», - ասել է Թորոսյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ վարչապետի որոշմամբ ստեղծված կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստն արդեն եղել է, քննարկվել է Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումների հարցը, որի վերաբերյալ 1-2 օրվա ընթացքում որոշում կկայացվի և ՀՀ արտգործնախարարությունը համապատասխան հայտարարություն կանի։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Ըստ ԱՀԿ-ի՝ աշխարհում կորոնավիրուսով արդեն 7834 մարդ է հիվանդացել: Ճնշող մեծամասնությունը՝ Չինաստանում՝ 7736 դեպք, մյուս 98-ը՝ աշխարհի 18 երկրում: Փորձագետները հաստատել են մարդուց մարդուն վիրուսի փոխանցման 8 դեպք: Ծանր վիճակում է 1370 մարդ, 213 հիվանդ մահացել է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---