Բախշյան. Հոկտեմբերի 27-ի մասին ԱԱԾ-ն իմացել է և չի կանխել

Բախշյան. Հոկտեմբերի 27-ի մասին ԱԱԾ-ն իմացել է և չի կանխել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկված Նաիրի Հունանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղած նամակում կարող էր ասել, որ պատրաստ է գործակցել, բայց նա այն կերպարը չէ, որին կարելի է վստահել: Այս մասին հայտարարել է Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանը, որի բողոքի հիման վրա էլ գործից անջատված և 16 տարի առաջ կարճված մասով նոր քննություն է սկսվել, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հունանյանի գրած նամակի մասին հայտնի էր դարձել հունվարի 17-ին: Ոչ վարչապետի աշխատակազմից, ոչ ԱԱԾ-ից դրա բովանդակության մանրամասները չեն հայտնել: Հայտնի է, որ վարչապետն այն ուղարկել էր գլխավոր դատախազին, Գլխավոր դատախազությունն էլ՝ ԱԱԾ, գործի անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու համար: 4 տարվա քննությունից հետո՝ 2004-ին, Գլխավոր դատախազությունը կարճել էր հանցագործության այլ մասնակիցներին, դրդիչներին, հնարավոր կազմակերպիչներին հայտնաբերելու համար Հոկտեմբերի 27-ի գործից առանձնացված մասը՝ հանցադեպի բացակայության հիմքով։

«Իրավիճակի փոփոխությամբ ինքը նույնիսկ այն, ինչ մամուլը ենթադրաբար է գրել, կարող է իրականություն հանել, այսինքն՝ ասել, որ պատրաստ է գործակցել կազմակերպիչներին բացահայտելու աշխատանքներում, գործընթացներում, բայց նա այն կերպարը չէ, որին կարելի է վստահել: Իր ամեն խոսքին ճիշտ քննիչը չպիտի հավատա և յուրաքանչյուր ասածը պիտի ստուգի, որովհետև ես իր ցուցմունքները բոլորը կարդացել եմ. առաջին ցուցմունքներում ինքը շատ մարդկանց անուններ էր տալիս, բայց 2000-ի ապրիլից հետո փոխեց խոսքը, և դրանից հետո մինչև դատաքննության ավարտը կազմակերպչի չէր նշում՝ «ես եմ արել, ես»: Դատի ժամանակ 2 եղբայր վիճում էին անգամ, թե ով էր այս գաղափարի հեղինակը: Այդաստիճան իրեն հերոսի տեղ էր դրել, իսկ թե այս (Փաշինյանին ուղղված,- խմբ.) նամակում ինքն ինչ է գրել, այո՝ ինձ շատ հետաքրքիր է», - ասել է Բախշյանը:

1999-ին Ազգային ժողովում սպանված՝ խորհրդարանի փոխխոսնակ Յուրի Բախշյանի կնոջ՝ Անահիտ Բախշյանի խոսքով դեռ որևէ քննչական գործողության ինքը չի մասնակցել, սակայն իր փաստաբանը միջնորդել էր գլխավոր դատախազին, որպեսզի ոչ թե ԱԱԾ-ի, այլ Հատուկ քննչական ծառայության ենթակայությամբ իրականացվի գործի քննությունը, բայց մերժվել էր: Բախշյանը նշել է, որ ԱԱԾ-ի հանդեպ վստահություն չունի:

Գործից կարճված մասի 17 հատորի բովանդակությանը Անահիտ Բախշյանը մինչև անցած տարի ծանոթ չի եղել:

«Գործին ծանոթացել եմ վերջերս: Այնպիսի ցուցմունքներ եմ կարդացել, որ ուղղակի ուզում էի այդ պահին ԱԱԾ-ն պայթեցնել: Կարճ կասեմ՝ ԱԱԾ-ն իմացել է, ԱԱԾ-ն ոչ մի ձևով չի կանխել, ԱԱԾ-ում իրար վրա են գցել, մի խոսքով, կատակ են համարել, հումոր են համարել, և այն փաստը, որ Հունանյանն ինքն ԱԱԾ գործակալ է եղել», - հայտարարել է նա:

1999-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խումբը՝ ներխուժելով ՀՀ ԱԺ, որտեղ ընթանում է Կառավարության հարցուպատասխանը, կրակ էր բացել, ինչի արդյունքում սպանվել էին Հայաստանի պետական և քաղաքական մի շարք անվանի գործիչներ՝ վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին, Լեոնարդ Պետրոսյանին: Զինված խմբին պատանդ էին մնացել ողջ մնացած մյուս պատգամավորներն ու նիստը լուսաբանող լրագրողները: Նրանք ազատ էին արձակվել հոկտեմբերի լույս 28-ի գիշերը՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---