2019-ին ՀՀ-ում մեքենա օտարած անձինք մինչև ապրիլի 20-ը պետք է եկամտահարկ վճարեն

2019-ին ՀՀ-ում մեքենա օտարած անձինք մինչև ապրիլի 20-ը պետք է եկամտահարկ վճարեն

PanARMENIAN.Net - 2019-ին ավտոմեքենա օտարած ֆիզանձինք մինչև ապրիլի 20-ը ներառյալ պետք է եկամտահարկի տարեկան հաշվարկ ներկայացնեն և վճարեն եկամտային հարկը, ասվում է Պետական եկամուտների կոմիտեի հայտարարության մեջ:

2019-ի հունիսի 25-ին ԱԺ ընդունած ՀՕ-68-Ն օրենքի համաձայն՝ այն ֆիզանձինք, ովքեր հունիսի 29-ից հետո այլ ֆիզանձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված մեկ կամ մի քանի ավտոմեքենա (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը հարկային մարմին ներկայացնել եկամտահարկի տարեկան հաշվարկ և վճարել հարկը:

Եկամտահարկը վճարվում է օտարված մեքենայի պայմանագրային արժեքի 1%-ի չափով, բայց ոչ պակաս, քան դրա շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում՝ համապատասխան հզորության հանդեպ կիրառվում է 1.36 գործակից։

ՀՀ հարկային օրենսգրքի կիրառության իմաստով՝ «Օտարումը՝ դա մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի սեփականության իրավունքի փոխանցումն է որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց»։ Հետևաբար՝ նվիրատվության գործարքը նույնպես համարվում է օտարում, որի մասով առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն։

Այսպիսով, 2019-ի հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 31-ը հարկվող գործարք իրականացրած ֆիզանձինք մինչև 2020-ի ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել 2019-ի եկամտահարկի տարեկան հաշվարկ և վճարել հարկը: Դրա համար անհրաժեշտ է․

1․ հարկային մարմնից ստանալ հարկ վճարողի հաշվառման համար և կնքել հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր

• այցելելով հարկային մարմնի ցանկացած սպասարկման բաժին,

կամ

• առցանց եղանակով՝ մուտք գործելով ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլ.համակարգ:

2․ վճարել եկամտահարկը՝ բանկային ծառայության միջոցով՝ 900008000490 միասնական հաշվին, պարտադիր նշելով ֆիզանձի անուն, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---