Չինաստանի կարանտինի գոտուց ՀՀ ևս 1 քաղաքացի կտարհանվի

Չինաստանի կարանտինի գոտուց ՀՀ ևս 1 քաղաքացի կտարհանվի

PanARMENIAN.Net - Չինաստանի կարանտինի գոտուց առաջիկա 1-2 օրում Հայաստանի ևս 1 քաղաքացի կտարհանվի: Կարանտինի գոտում գտնվող մյուս ՀՀ քաղաքացիները հրաժարվել են տարհանվելու հնարավորությունից, տեղեկացրել է ԱԳՆ Հյուսիսարևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ Մնացական Սաֆարյանը:

Կարանտինի գոտում գտնվող ՀՀ 11 քաղաքացուց մեկն արդեն իսկ տարհանվել էր ՉԺՀ-ից:

Սաֆարյանը նշել է, որ տարհանումն իրականացվում է կամավոր սկզբունքով: Ներկա փուլում կարանտինի շրջանից դուրս գտնվող անձանց տարհանում չի իրականացվում:

Չինաստանում ՀՀ դեսպանատան հետ կապ հաստատելու կոչին փետրվարի 3-ի դրությամբ արձագանքել է ՀՀ մոտ 600 քաղաքացի, որոնց տվյալները ՀՀ դեսպանությունը գրանցել է: Հայերը բարձրացրել են տարաբնույթ հարցեր, որոնց դեսպանությունը պատասխանում է հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հասանելիության տարբեր միջոցներով: Հարցերի թվում է նաև ՀՀ տեղափոխման հնարավորությունը:

ՀՀ ԱԳՆ տվյալներով՝ ՉԺՀ տարածքից վերջին 10 օրում Հայաստան է վերադարձել ՀՀ 200 մոտ քաղաքացի:

ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը և ԱԳՆ-ն ամբողջացնում են այն հարցերի շրջանակը, որը վերաբերվում է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ցանկություն ունեն տեղափոխվելու Հայաստան, բայց առերեսվում են վերջին օրերին ի հայտ եկող տրանսպորտային և այլ խնդիրներին: Դրանց շուտափույթ լուծումները քննարկվում է ՀՀ տարբեր գերատեսչություններում:

Դեսպանությունը նաև ՀՀ քաղաքացիների տրամադրում է ՉԺՀ իշխանությունների կողմից պաշտոնապես շրջանառվող ծանուցումները, որոնք վերաբերում են այդ երկրում բնակվող օտարերկրացիներին: Այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում վարակվածների մասին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկատվություն չի ստացել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել էր միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Դրանից հետո Հայաստանը 2 ամսով կասեցրել էր վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---