Մարատ Շիբուտով. ՀԱՊԿ-ն իր գործառույթներով կվերածվի փոքր ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ում փոփոխությունների էությունն այն է, որ պայմանագրի անդամ պետությունների, եւ ընդհանուր առմամբ ԱՊՀ երկրների տարածքում աստիճանաբար կդադարեն գործել միջազգային ուժերը, եւ կգործեն ՀԱՊԿ ուժերը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ղազախստանում Սահմանամերձ համագործակցության ասոցիացիայի ներկայացուցիչ Մարատ Շիբուտովը: Նրա խոսքերով, ՀԱՊԿ-ն իր գործառույթներով կվերածվի փոքր ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի (դառնալով Վարշավյան պայմանագրի յուրօրինակ այլընտրանք): «Այս ամենը նշանակում է հետեւյալը` Ռուսաստանը պաշտոնապես իր «հովանու» տակ է վերցնում մասնակից երկրներին, քանի որ զինված ուժերը կկազմեն արագ արձագանքման ստորաբաժանումների եւ խաղաղապահների հիմքը: Բացի այդ, հենց նա կկառուցի ՀՕՊ-ի համակարգը` շատ երկրներ ի վիճակի չեն անել դա ֆինանսապես: ՀԱՊԿ ուժերը մասնակից երկրների տարածքում միակ խաղաղապահները կլինեն` մյուսներին դա ուղղակի թույլ չեն տա: Նրանք նաեւ կմասնակցեն որոշ գործողությունների երկրների սահմաններից դուրս: ՀԱՊԿ-ի ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը նշանակում են, որ բոլոր մասնակից երկրները դառնում են ռուսամետ, ինչը պետք է հաշվի առնեն նրանց հարեւաններն ու գլոբալ խաղացողները»,-գտնում է ղազախ փորձագետը: Հավանաբար, համաշխարհային անկայունության ֆոնի վրա պետությունները նախապատրաստվում են զանգվածային ցույցերի, ահաբեկչական գործողությունների եւ անջատողականության: Այսինքն ընդդիմադիր ուժերը պետք է պատրաստ լինեն հանդիպել ոչ միայն իրենց երկրների , այլ նաեւ ՀԱՊԿ զինվորական ստորաբաժանումների հետ: Հնարավոր է, որ ՀԱՊԿ-ին անդամակցությամբ Ռուսաստանը կփորձի ապահովել Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անվտանգությունը` այնտեղ կտեղակայվեն կազմակերպության խաղաղապահները, իսկ Վրաստանը ակնհայտորեն արդեն չի ցանկանա «գլուխ դնել» այդ քանակի հակառակորդների հետ միաժամանակ: Այդպիսով, չճանաչված պետական կազմավորումները կստանան Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի նման կարգավիճակ` ինչը մի կողմից կհանգստացնի համաշխարհային հանրությանը («Չէ որ նրանց անկախությունը ոչ ոք չի ճանաչել»), իսկ մյուս կողմից` տեղի բնակչությունը կարծես իր սեփական պետությունն ունի: ՀԱՊԿ-ն առավել իրական կազմակերպություն է դառնում, «մկաններ է աճեցնում» եւ հետագայում կարող է դառնալ վճռորոշ ուժ ԱՊՀ-ում»,-ասել է Մարատ Շիբուտովը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---