Հովիկ Աբրահամյանի եղբոր դեմ հարուցված ապօրինի զենք պահելու քրգործը դատարանում է

Հովիկ Աբրահամյանի եղբոր դեմ հարուցված ապօրինի զենք պահելու քրգործը դատարանում է

PanARMENIAN.Net - Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի դեմ հարուցված`ապօրինի զենք պահելու քրգործն ուղարկվել է դատարան:

Հունվարի 30-ին Գլխավոր դատախազությունում մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՔԾ-ում քննված քրգործն ըստ մեղադրանքի Հ. Ա.-ի և Ա. Գ.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ակոսափող հրազենի փամփուշտներ և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար (պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ):

Հ.Ա-ն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրն է՝ Հենրիկ Աբրահամյանը:

Քրգործի նախաքննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Հ. Ա.-ն ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ձեռք է բերել տասնյակից ավելի տարբեր տեսակի հրազեն և մոտ 3000՝ կրակվելու համար պիտանի, ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության փամփուշտներ:

Հ. Ա.-ն Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Ա. Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ, վերոնշյալ զենքերը և ռազմամթերքը ապօրինի կերպով փոխադրել ու պահել են Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող, փաստացի ՀՀ նախկին վարչապետներից մեկին պատկանող՝ Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում:

ՀՀ ազգային անվտանգության աշխատակիցների համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից 2018թ. օգոստոսի 6-ին այդ տարածքում կատարված խուզարկությամբ նշված զենք զինամթերքը հայտնաբերվել և առգրավվել է:

Առաջադրված մեղադրանքի կապակցությամբ Հ. Ա.-ն դիրքորոշում չի հայտնել և հրաժարվել է ցուցմունք տալ: Մինչդեռ Ա. Գ.-ն հայտնել է, որ թեև իրեն մեղավոր չի ճանաչում, զղջում է կատարածի համար. նա խոստովանական ցուցմունք է տվել, որը պնդել է Հ. Ա.-ի հետ առերեսվելիս:

Քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---