Քաղշին կոմիտեի նախագահը ձերբակալվել է. Խոշոր կաշառք է ստացել

Քաղշին կոմիտեի նախագահը ձերբակալվել է. Խոշոր կաշառք է ստացել

PanARMENIAN.Net - Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է կաշառք ստանալու քրգործի շրջանակում։ Ինչպես տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայությունից` որպես կասկածյալ հարցաքննվելուց նա խոստովանել է հանցագործության կատարումը։

Մասնավորապես, ըստ ԱԱԾ-ի` Վերմիշյանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինաշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1,000,000 - 2,500,000 դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019-ին նրանց օգտին գործողություններ է կատարել կամ նպաստել ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Կաշառքի ստացումը քողարկելու համար, խախտելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու օրենքով սահմանված արգելքը, նա մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ՍՊԸ և նյութական առավելություն ստանալու նպատակով՝ ուղղորդել իրեն դիմած կառուցապատողներին և անհատներին գործարքներ կատարել նշված ընկերության հետ` միջոցներ ձեռնարկելով ընկերության կազմած փաստաթղթերի հիման վրա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բարենպաստ որոշումների կայացման համար:

Բացի այդ, Քաղշին կոմիտեի նախագահը 2019-ի հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինընկերության սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2,379,950 դրամին համարժեք $5000 գումար և մոտ 2,300,000 դրամին համարժեք շինանյութ։

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրգործի շրջանակում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, նրանցից երեքը՝ այդ թվում հիշյալ կոմիտեի նախագահը, ձերբակալվել են, ընդ որում կաշառք ստացած պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել է հանցագործության կատարումը: Նախաքննությունը շարունակվում է։

2017-2018թթ Վերմիշյանը Երևանի քաղաքապետի խորհրդականն էր։ 2019-ի մարտի 21-ին նա ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ:

 Ուշագրավ