Վանեցյանը մտնում է ակտիվ քաղաքականություն. Նա կուսակցություն կստեղծի

Վանեցյանը մտնում է ակտիվ քաղաքականություն. Նա կուսակցություն կստեղծի

PanARMENIAN.Net - ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն հայտարարել է՝ սկսում է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել։ Նա նշել է, որ շատ մոտ ժամանակներս կուսակցություն է գրանցելու, գրում է Aysor.am-ը:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է, որ քաղաքական մի ուժ ձևավորվի, որը կփորձի համախմբել ու միավորել հասարակության այն լայն զանգվածին, որը չի ընդունում այսօրվա իշխանությունների գործելակերպն ու որի հույսերը չեն արդարացել. նրանք մարդիկ են, ովքեր չեն ուզում վերադարձ անցյալին։

«Հասարակությունը սևերի ու սպիտակների է բաժանվել, ես կարծում եմ՝ դա կեղծ օրակարգ է: Բերվել է քաղաքական դաշտ օրակարգ, որ գործող իշխանությունների այլընտրանքը նախկիններն են, ես ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա, վերադարձ անցյալին երբեք չի լինելու: Ես այն մարդն եմ, որը պայքարելու է դրա դեմ, որ հանկարծ վերադարձ այնցյալին չլինի, բայց ես նաև այն մարդն եմ, որը դեմ է հասարակության բաժանումներին ու այդ կեղծ օրակարգին, որը մանիպուլյատիվ կերպով տարածվում է: Նման բան չկա, մենք բոլորս հայ ենք, ՀՀ քաղաքացիներ ենք», - ասել է Վանեցյանը։

ԱԱԾ նախկին տնօրենը չի թաքցրել, որ պաշտոնավարման ժամանակ, հատկապես՝ վերջին շրջանում տարաձայնություններ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և մի անգամ չէ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել, այդ թվում՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ հայտնի հեռախոսազրույցի գաղնալսման հրապարակումից հետո, գրում է Pastinfo-ն:

«Տարաձայնությունները եղել են քաղաքացու, հասարակության և պետական ընկալումների մեջ։ Ես Նիկոլ Փաշինյանին հրաժարականից առաջ, առավել ևս հրաժարականից հետո ոչինչ պարտք չեմ։ Ես չեմ ափսոսել հրաժարական ներկայացնելու համար, ես ափսոսում եմ միայն նրա համար, որ չենք կարողացել արդարացնել մեր քաղաքացիների հույսերը, սպասումները և եղել են շատ մեծ հիասթափության ալիքներ»,- ասել է նա։

Բացի այս, Վանեցյանը նաև չի թաքցրել, որ իր հրաժարականի պատճառներից մեկն էլ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ քաղաքականության հետ անհամաձայնությունն էր, և այդ պատճառով է իր հայտնի հայտարարությունում նշել՝ «Կա'նգ առ»։

Վանեցյանը հավելել է նաև, որ հիմնել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամը։ Նա նշել է, թե ինչ-ինչ պատճառներով նախկին իշխանության ժամանակ պետությունը մեծ ուշադրություն չի դարձրել քաղհասարակության զարգացմանը և այն գրավել են ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվել են դրսից, գրում է Aysor.am-ը:

«Այսօր՝ հեղափոխությունից հետո, ՀԿ դաշտը գրեթե մնացել է դատարկ, որովհետև այդ դաշտի շատ ներկայացուցիչներ ներգրավվեցին այս իշխանության մեջ։ Բացի այդ, ես չեմ վախենա ու կասեմ, որ Հայաստանի ՀԿ դաշտում որոշակի մենաշնորհ կա ու, այդ ամենի դեմ ոչ մի բան չունենալով, ես որոշեցի, որ պետք է ստեղծենք «Հայրենիք» հիմնադրամն ու աջակցենք քաղաքացիական ակտիվ գործունեություն ծավալող մեր հայրենակիցներին», - ասել է ԱԱԾ նախկին տնօրենը։

Վանեցյանը նշել է, որ իրենց կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները, անհատներն ու ԶԼՄ-ները ոչ թե առաջ կբերեն օտարերկրյա օրակարգ, այլ՝ կառաջնորդվեն մեր ազգային օրակարգով։

ԱԱԾ նախկին ղեկավարը նշել է նաև, որ հանդիպումներ է ունեցել Սփյուռքի հայրենակիցների հետ, սակայն այս պահին անուններ չի հնչեցնեի։

«Պատմել եմ մեր հիմնադրամի նպատակների մասին ու ստացել հավաստում, որ կաջակցեն մեզ որոշակի ֆինանսներով», - ասել է նա։

Վանեցյանն ընդգել է, որ իրենք բարեգործությամբ չեն զբաղվելու. «Զբաղվելու ենք կոնկրետ խնդիրների լուծմամբ», - ասել է նա։

Սեպտեմբերի 16-ին Վանեցյանը հրաժարական էր տվել ԱԱԾ տնօրենի պաշտոնից և հայտարարություն տարածել իր որոշման վերաբերյալ:

«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»,- ասվում էր Վանեցյանի հայտարարության մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան ասել էր, թե Վանեցյանը՝ դե-յուրե ԱԱԾ տնօրեն լինելու ժամանակ, հայտարարություն է արել իր գերագույն հրամանատարի դեմ, դրանով անարգելով սպայի պատիվը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---