Նախագահ․ Հանրաքվեից վախենալ պետք չէ

Նախագահ․ Հանրաքվեից վախենալ պետք չէ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահը դեռ Ազգային ժողովից չի ստացել Սահմանադրական դատարանին վերաբերող օրինագծի փաստաթղթերը, և ընդունված որոշման մասով իր վերաբերմունքը կարտահայտի դրանք ստանալուն պես։ Այս մասին Արմեն Սարգսյանը հայտարարել է «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում` անդրադառնալով ՍԴ շուրջ իրավիճակին և պատասխանելով հարցին, թե արդյոք ստորագրելու է համաժողովրդական հանրաքվեի մասին խորհրդարանի որոշումը։

Նախագահը նշել է, որ կողմնակից է, որ Հայաստանի քաղաքական մշակույթում ամրանա ժողովրդին դիմելու մշակույթը։ «Կարծում եմ` ցանկացած իշխանության համար, մանավանդ հիմա, երբ մարդիկ ապրում են երկու կյանքով (վիրտուալ՝ համացանցում, և իրական- խմբ․), շատ էական է վերևից՝ ամպերից իջնել ցած, իջնել և ոտքերը դնել գետնին, շփվել ժողովրդի հետ և կարծիք հայտնել: Ժողովրդի կամքի արտահայտությունը չի կապվում այս կամ այն օրենքի հետ, այլ՝ կապվում է ժողովրդի վերաբերմունքի հետ», - նշել է նախագահը։ «Կան երկրներ, որտեղ դա շատ հաջող է կիրառվում և ոչ միայն կիրառվում է, այլև դարձել է կյանքի մի մաս, այսինքն՝ հանրությանն ավելի ակտիվ ձևով մասնակից դարձնել որոշումներ ընդունելուն, քաղաքական կյանքին, տնտեսական զարգացմանը: Շվեյցարիայի նման երկրում իշխանությունը նույնիսկ պարզ հարցերով դիմում է ժողովրդին՝ սկսած որևէ տարածքում տրամվայ գործարկելուց մինչև ներգաղթյալների, անվտանգության հետ կապված հարցեր: Հանրաքվեից վախենալ պետք չէ: 21-րդ դարում «կրկնակի կյանքի» պայմաններում այն նույնիսկ անհրաժեշտություն է դառնում՝ ամպերից իջնել ցած և ժողովրդի կարծիքը պարբերաբար ստանալ», - ասել է Սարգսյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի ստորագրել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները, Սարգսյանն ասել է. «Պատասխանը շատ պարզ է՝ քանի որ իրավաբանական վարչությունը, խորհրդատուները, նաև այն իրավաբանները, որոնց կարծիքը ես շատ հաճախ հայցում եմ, որոնք մասնագետ են և՛ օրենքի, և՛ սահմանադրական իրավունքի, նշել էին, որ տվյալ օրենքներում կան հնարավոր հակասություններ Սահմանադրության հետ: Իհարկե, վերջնական պատասխանը պետք է տա Սահմանադրական դատարանը: Սակայն, եթե մի կողմ դնենք օրենքի սահմանադրականությունը, կա նաև օրենքի ազդեցությունը հանրության վրա: Օրենքը օրենք է, սակայն դրա իրական արժեքը մենք գնահատում ենք, երբ այն սկսում է կիրառվել կյանքում: Հաշվի առնելով իմ կյանքի փորձառությունը, և մանավանդ վերջին շրջանում ես հանրության տարբեր խմբերի հետ հանդիպումներ ունեցա՝ բանկային ոլորտ, գործարարներ, ներդրողներ... Բացարձակ մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի»:

Փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում անցկացրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել նախագծին, ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը։ ՍԴ դատավորները չեն մեկնաբանել ԱԺ քվեարկությունը։ Մինչ նախագծերի ընդունումը՝ ԵԽԽՎ համազեկուցողները հորդորել էին ՀՀ իշխանությանը շտապ կարգով ճշտել Վենետիկի հանձնաժողովի կարծիքն օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ։

Սարգսյանը միաժամանակ նշել է, որ իր պաշտոնից ելնելով` իշխանության տարբեր ճյուղերի աշխատանքին խառնվելու ու սահմանադրությունն ու օրենքները մեկնաբանելու իրավունք չունի։ «Իրավիճակը հաճախ ինձ հիշեցնում է հին խորհրդային տարիների կատակը, որը վերագրվում էր ամբողջ սովետական ժողովրդին. քաղաքացուն հարցնում են՝ դուք կոմունիստական կուսակցության 26-րդ համագումարի վերաբերյալ կարծիք ունե՞ք, մարդն ասում է՝ կարծիք ունեմ, սակայն համաձայն չեմ այդ կարծիքի հետ: Հիմա իմ դեպքում հետևյալն է. կարծիք ունեմ, բայց, ցավոք, չեմ կարող արտահայտել: Իմ արտահայտելու գործիքները բավականին սահմանափակ են», - ասել է նա:

Միաժամանակ Սարգսյանը նշել է, որ խնդրահարույց է համարում նման իրավիճակը։ «Ենթադրենք` նախագահի սեղանին է հայտնվել մի օրենք, որը, ըստ մասնագետների, չի հակասում Սահմանադրությանը․․․ սակայն նախագահն ինքը խորը գիտակցում ունի, որ տվյալ օրենքը, գուցե, չի հակասում Սահմանադրությանը, սակայն կարող է վնասակար դեր ունենալ այս կան այն խնդիրը լուծելու հարցում: Նմանատիպ օրինակները բազմաթիվ են: Նախագահը պետք է որոշում ընդունի: Որոշ երկրներում լուծումը կարող է լինել այն, որ նախագահն ունի վետոյի իրավունք: Այսինքն՝ վետո դնելով, Սահմանադրական դատարան չուղարկելով՝ նախագահը ցույց է տալիս հանրությանը, որ համաձայն չէ օրենքի հետ: Եւ գործադիր ու օրենսդիր իշխանություններին ասում է՝ սիրելի բարեկամներ, խնդրում եմ այս օրենքը նորից քննարկել, քանի որ այս ձևով այն ընդունելի չէ: Վետո դնելը պետք է պատճառաբանված լինի, այսինքն՝ նախագահը վետո է դնում՝ ելույթ ունենալով կամ իր ուղերձը ուղարկելով և բացատրելով, թե ինչու է վետո դրել», - ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---