Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոխվել են

Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոխվել են

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը չի հաստատել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ ​Արսեն Բաբայանի մեղադրանքները, նրանց նոր մեղադրանք է առաջադրվել։ Aysor.am-ի հաղորդմամբ՝ վերահսկող դատախազը մեղադրական եզրակացությունը չհաստատելու և լրացուցիչ քննություն կատարելու որոշում է կայացրել ու այն հետ է ուղարկել քննիչին։ Ըստ դատախազության` նախաքննական մարմինը ճիշտ չի որակել մեղադրյալների կատարած արարքները։

Դատախազությունից հաղորդել են, որ քրգործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արարքը առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասին (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել) և 314-րդ հոդվածի 1-ին մասին (Պաշտոնեական կեղծիք):

Մինչ դատախազության այս որոշումը նախկին պաշտնյաները մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելը և պաշտոնեական կեղծիք կատարելը):

Բաբայանին և Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը, ըստ էության, մեղմացվել է. իշխանություն յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի համար նախատեսված է 10-15 տարվա ազատազրկում, իսկ նոր առաջադրված 308 հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է 2-6 տարվա ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով։

Ըստ մեղադրանքի՝ մինչև 2015-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելն իրենց կուսակցության ներկայացուցիչ Հրայր Թովմասյանին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու և այդ պաշտոնում մինչև 65 տարեկան պաշտոնավարելու հնարավորությունն ապահովելու համար նրանք ընդունել են գործող Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարական՝ այդ պաշտոնում ներկայացնելով Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

Ըստ Դատախազության՝ կատարված արարքը ծանր հետևանքներ է առաջացրել ՀՀ օրինական շահերի համար, չի իրագործվել ՀՀ քաղաքացիների կամարտահայտումը:

Փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում անցկացրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել նախագծին, ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը։ ՍԴ դատավորները չեն մեկնաբանել ԱԺ քվեարկությունը։ Մինչ նախագծերի ընդունումը՝ ԵԽԽՎ համազեկուցողները հորդորել էին ՀՀ իշխանությանը շտապ կարգով ճշտել Վենետիկի հանձնաժողովի կարծիքն օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ։

Փետրվարի 9-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու հրամանագիրը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---