Պապիկյան. Բարձրաստիճան անձը կամ անձինք զբաղված էին գործընկերների դեմ կոմպրոմատ հավաքելով

Պապիկյան. Բարձրաստիճան անձը կամ անձինք զբաղված էին գործընկերների դեմ կոմպրոմատ հավաքելով

PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դիմել է Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ղեկավարներին՝ խնդրելով պարզել, թե ում ձեռքով և ինչ կերպ է իր անձնական կյանքի գաղտնի ինֆորմացիան դարձել իր անունը կեղտոտելու առիթ:

Փետրվարի 13-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Պապիկայնը դատապարտված է եղել: Թերթը գրել էր, որ նախարարը թաքցրել է իր դատվածության փաստը և նշել, որ զինծառայության ժամանակ նա իր հրամանատարին դանակով հարվածել է, և քրգործ է հարուցվել այդ առթիվ։ Ըստ թերթի՝ Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով («Պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ»):

Մեկնաբանելով օրաթերթի հրապարակումը՝ Պապիկյանը նշել է, որ դա Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի շտաբի (Պապիկյանի ղեկավարում է այդ շտաբը) գործունեությունը մրոտելու փորձ է:

«Այս ինֆորմացայի հասանելիությունը կարող է հասու լինել միայն իրավապահ համակարգի բարձր պաշտոնյաներին, ես ուզում եմ արձանագրել, որ իրավապահ տվյալ անձը կամ անձիք զբաղված են եղել իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատների փաթեթներ ձևավորելով ու տվյալ անձինք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից», - հայտարարել է նա՝ նշելով, որ այն, ինչ տեղի է ունենում, մեկ տեղից է կոորդինացված:

«Պատիվ ունեմ» արտահայտությունն իր հրապարակային հայտարարություններում բազմիցս արել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: Նա այդ խոսքերով էր ավարտել պաշտոնից ազատման իր դիմումը։

Պապիկյանը նշել է, որ իր մասին հրապարակված ինֆորմացիայում կա որոշակի ճշմարտություն և «որոշակի թյուր մատուցման ձև»:

Նրա խոսքով՝ 2004-ից 2006-ը Հայաստանից դուրս իր ծառայության ընթացքում, չնայած որպես լավ զինվոր աչքի է ընկել, եղել է մի դեպք, երբ իր ազգային արժանապատվությանը վնասող հարված է ստացել ու հայտնվել միջադեպում:

«Գրում են ինչ-որ կտրող-ծակող սուր գործիքների մասին, դա իրականությանը չի համապատասխանում, ես որևէ նման արարք չեմ արել: Իմ մասնակացությունը ոչ կանոնադրային հարաբերությունների մասնակցություն է ու նաև ես որևէ մեղք չեմ ընդունել, համաներմամբ ազատ եմ արձակվել ու դրանով համարվել է մարված իմ դատվածությունը, դա մոտավորապես եղել է 13-14 տարի առաջ»,- հայտարարել է ՏԿԵ նախարարը` հավելելով, որ իր կյանքի այդ փուլը փակված է:

Պապիկյանի հայտարարությանն արձագանքել է «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը՝ նշելով, որ նախարարի կենսագրության որևէ էջ չի կարող գաղտնի լինել՝ առավել ևս դատվածության հատվածը:

Նա նշել է, որ հրապարակման մեջ հատուկ ընդգծված էր, որ այդ փաստը չէր կարող նշանակություն ունենալ նրա պաշտոնավարման հարցում, բայց այն հանգամանքը, որ Պապիկյանն իր կենսագրությունից թաքցրել է իր դատվածությունը, արդեն խնդրահարույց է։

Ըստ խմբագրի՝ Պապիկյանը խոսել է ոչ թե դատվածության փաստը հանրությունից թաքցնելու պատճառների մասին, այլ դավադիրներ է փնտրել և իրենց հրապարակումը վերագրել այդ ուժերին:

Սուրեն Պապիկայնը նախարար է նշանակվել հեղափոխությունից հետո՝ 2018-ի մայիսի 11-ին:

 Ուշագրավ
ՏԿԵ նախագծով առաջարկվում է զարգացնել ավագանու ինստիտուտը, 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում անցնել համամասնական ընտրակարգի
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ու կինն ամբողջությամբ հատուցել են պետությանը պատճառված վնասը
Նաղդալյանը նշել է, որ Ադրբեջանի կեղծ պնդումները, թե ընտրություններում ձևավորվում են ԼՂ-ի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները
Ըստ նրա՝ հետևանքները շատ ծանր են լինելու՝ խարխլելով երկրի իրավական անվտանգությունն ու հարվածելով միջազգային վարկանիշին