Անցյալի ծանր բեռից մինչև փոխադարձ մեղադրանքներ. Փաշինյան-Ալիև քննարկումը՝ միջազգային մամուլում

Անցյալի ծանր բեռից մինչև փոխադարձ մեղադրանքներ. Փաշինյան-Ալիև քննարկումը՝ միջազգային մամուլում

PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հարցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին բաց հանդիպմանն անդրադարձել է նաև միջազգային մամուլը՝ սակավաթիվ հրապարակումներով:

Սա հակամարտության ամբողջ պատմության ընթացքում բացառիկ հանդիպում էր, քանի որ երկու երկրի ղեկավարն առաջին անգամ դեմ առ դեմ բանավիճում էին թեմայի շուրջ:

Գերմանական Deutsche Welle-ն գրել է, որ չնայած Ադրբեջանի առաջնորդը և ՀՀ վարչապետը ծրագրել էին խոսել ապագայի մասին, «անցյալի բեռը չափազանց ծանր էր»: Աղբյուրը նշել է, որ երկու երկրի ղեկավարն էլ պատմությանն էին հղում անում, սակայն Փաշինյանն ասել է, թե միջազգային հանրությունը հոգնել է՝ կողմերի՝ տարիներով կրկնվող փաստարկներից, իսկ 30 տարվա կոնֆլիկտը մեկ-երկու քայլով լուծել հնարավոր չէ:

Հոդվածում ասվում է, թե կողմերը հեգնանքով մեկմեկու են խորհուրդ տվել տվյալներ գտնել համացանցում, մամուլում, գրականության մեջ այն մասին, թե ում է պատկանում ԼՂ-ն և ով է մեղավոր, որ ամեն ինչ այդպես դասավորվեց:

Հոդվածագիրը նշել է, որ դահլիճում նստած Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն կարող էր պատկերացնել՝ ինչ է սպասվում իր երկրին 30 տարի հետո՝ Դոնբասի կոնֆլիկտի սառեցման դեպքում, ընդգծելով նաև, որ ԼՂ-ի և Դոնբասի կոնֆլիկտները խիստ տարբերվում են:

Ռուսական «Կոմերսանտը» իր «Հին վեճեր՝ գլխավորի մասին» հոդվածում գրել է, «թե ինչպես են Մյունխենում Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը կիսել Ղարաբաղը»

Հոդվածագիրը նշել է, որ Մյունխենի բանակցություններից հետո ԼՂ հարցը մնում է «կատարելապես փակուղային»:

Ըստ աղբյուրի՝ երբ խոսքը վերցրել է Ադրբեջանի նախագահը, պարզ է դարձել, որ շատ բան ակնկալել պետք չէ. նա կատեգորիկ նշել է, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է: Նշվում է նաև, որ Փաշինյանն այլ կերպ է խնդիրը ներկայացրել՝ նշելով, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմ է անցել ԽՍՀՄ ձևավորման ընթացքում:

Հոդվածագիրն ընդգծել է, թե չնայած մոդերատորը ջանում էր երկու երկրի ղեկավարներին հավասար ժամանակ տրամադրել, նրանցից յուրաքանչյուրը փորձում էր վերջին խոսքն իր վրա վերցնել:

«Արդյունքում քննարկումը վերածվել է մրցամարտի. հակառակորդները միմյանց մեղադրում էին փաստերի խեղաթյուրման, փոխզիջումների պատրաստ չլինելու, միջազգային իրավունքի խախտման և ագրեսիան արդարացնելու փորձերի մեջ: Միաժամանակ, նրանք խոսում էին անգլերեն, որին Ադրբեջանի նախագահն ավելի լավ է տիրապետում, քան Փաշինյանը»,- ասվում է հրապարակման մեջ:

Eurasianet-ն աննախադեպ է համարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քննարկում-բանավեճը:

Ըստ հոդվածի՝ երկու երկրի առաջնորդներից ոչ մեկը չէր փորձում կոնֆլիկտը բացատրել առավել լայն լսարանին, «փոխարենը տպավորություն էր, թե դա, նախևառաջ, ուղղված էր այդ երկուսի ընտրատարածքներին Կովկասում»: Աղբյուրն ուշագրավ է համարել Փաշինյանի խոսքերը, թե ինքը միակ առաջնորդն է, ով հայտարարել է, որ կոնֆլիկտի լուծումը պետք է նախընտրելի լինի բոլոր կողմերի համար:

«Ես Հայաստանի առաջին ղեկարավն եմ, որն ասել է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանցի ժողովրդի համար»: Սա կանոնավոր կերպով բերվող փաստարկ է հայ ղեկավարի համար, որը ներկայացվում է իբրև զիջում, չնայած դրա (փաստարկի - խմբ.) ակնհայտ մեծահոգությունը թուլանում է այն փաստից, որ Փաշինյանը նույնիսկ չի ակնարկել, որ պատրաստ է ադրբեջանցիներին տալ այն, ինչ նրանք ուզում են»,- ասվում է հրապարակման մեջ:

Աղբյուրը, հղում անելով Twitter-ի օգտատերերից մեկին, նշել է նաև, որ բանավեճը դիտելու փոխարեն կարելի էր պարզապես կարդալ YouTube-ում հայերի և ադրբեջանցիների մեկնաբանությունները:

Politico-ն՝ Մյունխենյան համաժողովի խճանկարը ներկայացնելիս, ևս անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ Azerbaijan vs. Armenia (թարգ.՝ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի») ենթավերնագրով:

Աղբյուրը գրել է, որ Ալիևի ներկայացրած «պատմական փաստերին» զուգահեռ, Փաշինյանն առաջարկել է խուսափել պատմական ակնարկից, ապա ինքն է սրել այն: «Ես կխնդրեի նախագահ Ալիևին այդքան չխորանալ պատմության մեջ, քանի որ, երբ հայ թագավոր Տիգրան Մեծը բանակցություններ էր վարում հռոմեացի ռազմական առաջնորդ Պոմպեյի հետ, Հարավային Կովկասում և ամբողջ աշխարհում Ադրբեջան անունով երկիր գոյություն չուներ»,- Փաշինյանի խոսքերն է մեջբերել հոդվածագիրը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---