Հակածխախոտային օրենքի տարբեր խախտումների տուգանքները կկազմեն մինչև 800,000 դրամ

Հակածխախոտային օրենքի տարբեր խախտումների տուգանքները կկազմեն մինչև 800,000 դրամ

PanARMENIAN.Net - 18 տարին չլրացած անձանց ծխախոտի իրացման մեջ ներգրավելու դեպքում տուգանքը կկազմի 150-200,000 դրամ, հայտնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից (ԱԱՏՄ):

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի շարք պահանջների կատարման վերահսկողությունն իրականացնում է ԱԱՏՄ-ն:

Տեսչական մարմնի վերահսկողության շրջանակում են գտնվում ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), արտադրատեսակների նմանակների գովազդի, դրա իրացման մեջ մինչև 18 տարեկան անձանց ներգրավելու, վաճառասրահներում դրանք ցուցադրելու, հաղորդումների ժամանակ դրանք կամ դրանց օգտագործումը ներկայացնելու արգելքին ու սահմանափակումներին ներկայացվող պահանջների խախտումները:

Մասնավորապես, ծխախոտի գովազդի համար սահմանվում է 750-800,000 դրամ, եթե ծխախոտը կամ դրա օգտագործումը ներկայացվում է այլ գովազդում՝ խոսքի, ձայնի կամ պատկերի միջոցով կրկին սահմանվում է տուգանք՝ 750-800,000 դրամ։

2021-ի հունվարի 1-ից 150-200,000 դրամ տուգանք է սահմանվում նաև, եթե ծխախոտը տեղադրվում կամ ցուցադրվում է դրա իրացման համար նախատեսված տարածքներում, այդ թվում՝ վաճառասրահներում՝ սպառողի համար տեսանելի վայրում։

Եթե ծխախոտը կամ դրա օգտագործումը պատկերվում է ՀՀ-ում արտադրված, երեխաների համար նախատեսված ֆիլմերի, թատերական ներկայացումների, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող հաղորդումների ժամանակ, ապա տուգանքը կկազմի 150-200,000 դրամ։

Բոլոր խախտումների դեպքում վարչական տույժի կիրառումից հետո՝ 6 ամսվա ընթացքում, նույն խախտման համար նախատեսված է տուգանք կիրառված վարչական տույժի կրկնակիի չափով:

2020-ի փետրվարի 13-ին ընդունված օրենքով արգելվում է հանրային վայրերում ծխելը, խստացվում են ծխախոտի իրացման պայմանները: ԱԱՏՄ կողմից վերահսկողության շրջանակում գտնվող նորմերն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։ Օրենքի որոշ դրույթներ առայժմ ուժի մեջ չեն մտնի. հանրային սննդի օբյեկտներում, օրինակ, ծխելը կարգելվի 2022-ից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---