Թունյանը՝ հակածխախոտային օրենքի մասին. Սխալները շտկելու ժամանակ դեռ կա

Թունյանը՝ հակածխախոտային օրենքի մասին. Սխալները շտկելու ժամանակ դեռ կա

PanARMENIAN.Net - ԱԺ-ում ընդունված հակածխախոտային օրենքում փոփոխությունների փաթեթի մշակման աշխատանքները մեկնարկում են: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ դեռ բավարար ժամանակ կա ընդունված օրինագծի խնդրահարույց դրույթները մինչև ուժի մեջ մտնելը շտկելու համար:

«Ինչպես ելույթումս նշել էի՝ ընդհանուր առմամբ կողմ լինելով նախաձեռնությանն ու ողջունելով ծխելու դեմ պայքարը, գտնում ենք, որ նախագիծն այս տեսքով ռիսկեր է պարունակում տնտեսության համար, և կարիք կա փոփոխություններ կատարել։ Ասեմ նաև, որ ես և իմ շատ գործընկերներ նախագծին կողմ քվեարկեցինք, որովհետև խնդրահարույց դրույթներն ուժի մեջ են մտնում ոչ անմիջապես (մի մասը՝ 2021-ի սկզբից, մնացածը 2022-ի և 2024-իսկզբից)։ Այսինքն, բավարար ժամանակ կա սխալները շտկելու համար, և ավելի նպատակահարմար գտանք շարժվել այս ճանապարհով (ընդունել և շտկել), քան տապալել նախագիծը»,- նշել է նա։

Թունյանը նաև խնդրել է բոլոր պատգամավորներին, փորձագետներին, տնտեսվարողներին և նախագծով հետաքրքրվող այլ անձանց ուղարկել առաջարկներն ու դիտողությունները: Նամակները կարելի է ուղարկել մինչև փետրվարի 29-ը ներառյալ։

Փետրվար 13-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքն ու հարակից օրենքներում փոփոխությունների ու լրացումների փաթեթը։

Դրանցով արգելվում է հանրային վայրերում ծխելը, խստացվում են ծխախոտի իրացման պայմանները: ԱԱՏՄ կողմից վերահսկողության շրջանակում գտնվող նորմերն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։ Օրենքի որոշ դրույթներ առայժմ ուժի մեջ չեն մտնի. հանրային սննդի օբյեկտներում, օրինակ, ծխելը կարգելվի 2022-ից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---