Մնացականյան. Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը մշտապես եղել և մնում է օրակարգում

Մնացականյան. Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը մշտապես եղել և մնում է օրակարգում

PanARMENIAN.Net - Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը մշտապես եղել և մնում է օրակարգում, հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին շրջանում ավելի շատ է խոսվում ԼՂ անվտանգության մասին և արդյոք ազգերի ինքնորոշման հարցը երկրորդ պլան է մղվել։

Մնացականյանը մեջբերել է Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ իր ելույթի հատվածը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, ընդգծելով, որ այս հարցը տրամաբանորեն չի կարող վերանալ հայկական կողմի օրակարգից, տեղեկացնում է Panorama.am-ը:

«Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքն ու հիմքն է։ Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի: «Առանց սահմանափակման» տերմինը պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքն ունենալ և որոշել իրենց կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Ադրբեջանի որդեգրած շարունակական թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչն արտահայտվեց նաև 2016-ի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայով. այս ամենն ընդգծում են Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի նկատմամբ իրավասության պահանջի ոչ լեգիտիմությունը և իրականացման անհնարինությունը»,- ասել է նախարարը:

Նա հավելել է, որ սա հնչեցվել է ընդամենը 2 ամիս առաջ և առաջին անգամը չէր, և սա կարևորագույն տարր է ԼՂ խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցման մեջ։

«Որևէ կերպ կասկածի տակ դնել այդ մոտեցումը և ենթադրել, որ անվտանգությունն ու ստատուսը միմյանցից տարանջատված են, կարծում եմ, որ որևէ առիթ մենք չենք տվել և նպատակ չունենք տալու»,- ասել է նախարարը։

Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովը 2019-ի դեկտեմբերի 4-ին էր: Հանդիպման շրջանակում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հրադադարի, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---