Սերժ Սարգսյանը դատական նիստից առաջ դիմել է հավաքվածներին՝ կոչ անելով տուն վերադառնալ

Սերժ Սարգսյանը դատական նիստից առաջ դիմել է հավաքվածներին՝ կոչ անելով տուն վերադառնալ

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատական առաջին նիստից առաջ շնորհակալություն է հայտնել դատարանի դիմաց հավաքված քաղաքացիներին՝ հորդորելով նրանց վերադառնալ տուն ու զբաղվել առօրյա հոգսերով, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումների համար։ Նա մեղադրվում է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ։ Նշվում է, որ 2013-ին նա հովանավորչություն է ցուցաբերել «Ֆլեշ» ընկերության նկատմամբ. այդ ընկերությունը՝ մրցակիցներից բարձր գին առաջարկելով, հաղթել է դիզվառելիք առաքելու պետմրցույթում:

«Իրոք, հաշվի առնելով եղանակային պայմանները, և այն հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար, Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նա նշել է, որ աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել է, այժմ էլ կրկնում է՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

«Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր»,- ասել է նա:

Դատական նիստից առաջ Սարգսյանի ղեկավարած՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ նա դատավարությունում ներգրավված է որպես մեղադրյալ «շինծու և անհեթեթ պատրվակով»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---