ԱՆ. ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա

ԱՆ. ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա, հայտարարել է առողջապահության նախարարությունը:

Երկրում նոր վիրուսի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները շարունակվում են` թե կազմակերպչական, թե ախտորոշման ուղղությամբ: Նախարարությունը ձեռք է բերել ախտորոշիչ թեստերի նոր խմբաքանակ և այդ առումով որևէ խնդիր չկա:

Ձեռնարկվել են միջոցառումներ` դիմակներ և ախտահանիչ նյութեր ձեռք բերելու ուղղությամբ, չնայած հանրապետության բոլոր բժշկական հաստատություններում դրանք առկա են:

Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 25-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 77,782, կասկածելի դեպքերի թիվը՝ 2824, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 27,554, գրանցվել է 2666 մահ: Այս պահի դրությամբ ծանր վիճակում է գտնվում 9126 պացիենտ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 24-ի դրությամբ վիրուսի լաբորատոր հաստատված դեպք 79,331 կար, որից 77,262-ը՝ Չինաստանում, 2595-ը՝ մահվան ելքով:

Վերը նշված տվյալները փաստում են, որ Չինաստանում իրավիճակի կայունացումը շարունակվում է:

Ինչ վերաբերում է Իրանում արձանագրված դեպքերին, ապա, փետրվարի 25-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, արձանագրվել է 61 դեպք, որից 15-ը՝ մահվան ելքով:

Աշխարհում համաճարակային իրավիճակի և Հայաստանում ձեռնարկվող միջոցառումների մասին պարբերաբար կտրվի տեղեկատվություն:

Առողջապահության նախարարությունը հորդորում է.

- Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,

- Խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),

- Տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ,

- Գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմել բժշկի` նշելով վերջին 14 օրվա ընթացքում ունեցած ճանապարհորդության մասին:

ԱՀԿ-ն կոչ է արել պատրաստվել կորոնավիրուսի «պոտենցիալ պանդեմիայի»՝ հիվանդության համաշխարհային տարածման:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---