ՀՀ-ում իրանական բեռնատարներին ուղեկցում են ԱՆ-ն ու ոստիկանությունը

ՀՀ-ում իրանական բեռնատարներին ուղեկցում են ԱՆ-ն ու ոստիկանությունը

PanARMENIAN.Net - Մեղրիի անցակետից ՀՀ մտնող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են առողջապահության նախարարության մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ անդրդառնալով փետրվարի 25-ին ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշմանը:

«Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում, այդ թվում ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադառնալը: Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն` ըստ նրանց բնակության վայրի:

Փետրվարի 26-ին Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողությունը պատշաճ իրականացնելու համար իմ հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը մեկնել է Թեհրան: Ուղևորների ինքնաթիռ նստեցման ժամանակ նա տեղում կստուգի վերջիններիս ինքնազգացողությունը, կհրահանգավորի նրանց պաշտպանիչ միջոցների օգտագործման մասին և մեզ տեղեկատվություն կփոխանցի, որպեսզի Երևանում պատշաճ հսկողական միջոցառումներ իրականացվեն: Գանգատների բացակայության դեպքում ուղևորների նկատմամբ կսահմանվի տնային հսկողություն, իսկ գանգատ ունեցողները կթեստավորվեն` անհրաժեշտության դեպքում կհոսպիտալացվեն»,- ասվում է գրառման մեջ:

Նշվում է նաև, որ «Զվարթնոց» օդանավակայանում աշխատանքները համակարգում է առողջապահության փոխնախարար Շավարշ Գրիգորյանը:

ՀՀ-ն փակել է Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը, իսկ օդայինը՝ սահմանափակել: Իրաքը և Քուվեյթը փակել են իրենց սահմանն Իրանի հետ և դադարեցրել ավիահաղորդակցությունը: Պաշտոնական վերջին տվյալով՝ Իրանում վարակի 95 դեպք կա, 15 մարդ է մահացել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---