Դվինի հնավայրի տարածքում թանգարան կկառուցվի

Դվինի հնավայրի տարածքում թանգարան կկառուցվի

PanARMENIAN.Net - Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի հնավայրի տարածքում թանգարան կկառուցվի: Այդ մասին հայտարարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ նշելով, որ դա նախատեսված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն 2020-ի ծրագրով:

«Թանգարանը կկառուցվի հենց Դվին հնավայրի տարածքում, որտեղ կան գտածոներ, պատմամշակութային արժեք ներկայացնող էքսպոնատներ, որոնք այս պահին բաց երկնքի տակ են և վնասվելու հավանականությունը մեծ է: Ուստի դեռևս վաղուց էր նախատեսված այնտեղ կառուցել թանգարան»,- հավելել է Սարգսյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Սարգսյանի խոսքով՝ հիմնանորոգվելու է նաև 18 կմ ճանապարհահատված, որն Արարատի մարզը կապելու է Կոտայքին, ինչը մարզպետի կարծիքով զբոսաշրջային լավ ուղղություն է:

«Զբոսաշրջիկներն անմիջապես Գառնիից կարող են գալ Դվին: Այս տարի կառավարության կողմից 500 կմ ճանապարհահատվածի 27 կմ-ը բաժին է հասնում Արարատի մարզին»,- նշել է մարզպետը։

Նա նաև տեղեկացրել է, որ Խոր Վիրապի համալիրի ավտոկայանատեղիի և աստիճանավանդակի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Դվինը հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Իր ծաղկման շրջանում Դվինի բնակչության թիվը գերազանցել է 100 հազարը։ Արշակունիների պալատից (IV դար) պահպանվել են արքայական գահասրահի (272 քառակուսի մետր մակերեսով) ավերակները։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---