Մարտիրոսյան. Սթենդափը միայն դու ես ու քո հումորը

Մարտիրոսյան. Սթենդափը միայն դու ես ու քո հումորը

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայտնի հայազգի հումորիստ և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը GQ-ին հարցազրույցում պատմել է, թե ինչի հետ է կապված իր անցումը սթենդափի ժանրի, ինչի վրա է ամենից շատ գումար ծախսում և ինչ կարող է ասել նոր սերնդի մասին:

«Սթենդափն ու մենահամերգներն աշխատանքի այնպիսի ծավալ ու այն քանակի մարդկանց ներկայություն չեն ենթադրում, ինչպես Comedy Club-ում կամ «Պրոժեկտորպերիսհիլթոնում»: Այդ նախագծերը հսկայական ստեղծագործական մեխանիզմներ են, որտեղ դու միայն մի մասնիկ ես... Սթենդափը միայն դու ես և քո հումորը, ոչ մի դեկորացիաներ, տեսաէֆեկտներ, հատուկ նախապատրաստում: Դու ես և վերջ: Դա ուղղակի գոյության շատ հարմարավետ ձև է»,- ասել է Մարտիրոսյանը:

Նա խոստովանել է, որ ամենց շատ գումար ծախսում է ճամփորդությունների վրա, թեև կուզեր այդքան ծախսել գրքերի վրա:

«Երբ սկսեցի գրադարան հավաքել՝ ինտերնետը եկավ: Պարզվեց, որ ամեն ինչ համացանցում եմ կարդում, գրադարան ոչ ոքի պետք չէ: Հսկայական գրապահարան ունեմ, բայց այնտեղ 6 գիրք կա՝ Բունին, Կուպրին, Պուշկին: Իսկ ես կարծում էի, որ դրան հաջորդելու են Բուլգակովը, Նաբոկովը... Եվ էլի 4 անգլալեզու գիրք կա դստերս համար՝ նա անգլերեն է սովորում: Շատ փոքր, համեստ հավաքածու է: Եվ հզոր Wi-Fi... Իսկ այ ճամփորդությունների վրա շատ եմ ծախսում, մեր ընտանիքում այդպիսի ավանդույթ կա՝ ուղևորությունների ենք մեկնում 1.5-2 ամսով»,- նշել է Մարտիրոսյանը:

Հարցին, թե որպես մասնգիտությամբ նյարդաբան-հոգեթերապևտ ինչ ախտորոշում կտա ժամանակակից հասարակությանը, Մարտիրոսյանն ասել է, որ այն հետևյալն է՝ շատ արագ փոփոխվող ուղենիշեր:

«Նախկինում մեծ տարբերություն կար 20 և 30 տարեկանների միջև, որպես տարբեր սերունդների, 20 և 25 տարեկանների միջև տարբերությունն ավելի քիչ էր, իսկ հիմա 20 և 21 տարեկանների միջև այնքան մեծ տարբերություն կա, որ մտածում ես՝ ինչպես են այս մարդիկ իրար հասկանում: Ամեն ինչ շատ արագ է փոխվում, այդ թվում՝ ինտերնետի շնորհիվ: Ախտորոշումը հուսադրող է, քանի որ ես այն մարդկանցից չեմ, որոնք հաջորդ սերունդներին համարում են աննորմալ կամ վատը: Հակառակը, կարծում եմ՝ նրանք մեզանից լավը կլինեն, թեկուզ այն պատճառով, որ ավելի շատ հնարավորություններ ու ազատություն ունեն»,- ասել է Մարտիրոսյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---