Սումգայիթում հայկական ջարդերի զոհերի հիշատակի օրն է

Սումգայիթում հայկական ջարդերի զոհերի հիշատակի օրն է

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին համայն հայությունը հարգում է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988-ին հայերի ջարդերի զոհերի հիշատակը:

1988-ի փետրվարի վերջին օրերին Սումգայիթի հայ բնակչությունը զանգվածային դաժան սպանությունների և խոշտանգումների ենթարկվեց: Փետրվարի 26-ին Սումգայիթի կենտրոնական հրապարակում սկսված հակահայկական հանրահավաքներում քաղաքի ղեկավարները բռնության բացահայտ կոչեր էին անում:

Փետրվարի 27-ին և 28-ին հանրահավաքները վերածվեցին բռնարարաքների: Մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով զինված ադրբեջանցիները ներխուժում էին հայերի բնակարաններ ու սպանում նրանց: Դրանից հետո զոհերի վրա բենզին էին լցնում և ողջակիզում: Հայերի ջարդերը կազմակերպված էին՝ ջարդարարներն ունեցել էին զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները:

Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, սակայն արդեն ուշ էր։

Սումգայիթյան ջարդերը դարձան սկիզբ Արցախի, Գարդմանքի, Գանձակի և Բաքվի խաղաղ հայ բնակչության դեմ ուղղված բռնությունների նոր ալիքների: 1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի ամբողջ հայկական համայնքը` առնվազն 500,000 հայ:

Մինչև 1990-ը միայն Բաքվում բնակվում էր մոտ 300,000 հայ: 1988-1990 թթ. Ադրբեջանում ազգային զտումների հետևանքով երկրից բռնագաղթեց մոտ կես միլիոն հայ, մի մասը համալրեց Սփյուռքը, կեսից ավելին՝ մշտական բնակություն հաստատեց Հայաստանում:

Ջարդերից 32 տարի է անցել, սակայն մինչ օրս դրանք համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատականի չեն արժանացել և այդպես էլ չեն բացահայտվել հանցագործությունների արմատները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---