Փաշինյան. Սամվել Կարապետյանի աշխատանքը բարձր գնահատանքի է արժանի

Փաշինյան. Սամվել Կարապետյանի աշխատանքը բարձր գնահատանքի է արժանի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի անժամանակ մահվան մասին:

Սամվել Կարապետյանն իր գործունեության ընթացքում հետազոտել և ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ: Նրա թողած փաստագրական նյութերը հարուստ ժառանգություն են մեր երկրի համար: Բարձր գնահատանքի է արժանի անվանի հուշարձանագետի հետևողական աշխատանքը Թուրքիայում և Ադրբեջանում հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականության դեմ»,- ասվում է վարչապետի ցավակցական հեռագրում:

Փաշինյանը խորին ցավակցություն է հայտնել Սամվել Կարապետյանի հարազատներին և գործընկերներին:

1975 թվականից ի վեր Կարապետյանը ճամփորդել է Խորհրդային հայկական տարածքով՝ ուսումնասիրելով բնությունը, իսկ 1978-ից՝ լուսանկարել, չափել և նկարագրել հայկական հուշարձաններն ամբողջ պատմական Հայաստանի տարածքով։ Կարապետյանը հայտնի է որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։ Նա նշել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված ոչնչացնում են հայկական հուշարձանները: Իր փաստերը 2007-ին ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008-ին՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---