201 մլն դրամի վնաս` ԱՕԿՍ-ի շենքի հետ կապված ապօրինությունների հետևանքով

201 մլն դրամի վնաս` ԱՕԿՍ-ի շենքի հետ կապված ապօրինությունների հետևանքով

PanARMENIAN.Net - Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի հայտնի շենքի հետ կապված ապօրինությունների հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափի՝ 201 միլիոն դրամի վնաս է հասցվել: Ոստիկանությունում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Ավելի վաղ «Հետքը» գրել էր, որ ԱՕԿՍ-ի շենքը սեփականաշնորհվել է ՀՀ նախագահի միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով խորհրդական Արմեն Սմբատյանի և մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից:

Ոստիկանության ձեռք բերած տվյալներով՝ 2001-ին Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք, պետական սեփականություն հանդիսացող Աբովյան 3-ի շենքը գրանցել են որպես հասարակական կազմակերպության սեփականություն, ինչից հետո այդ ՀԿ-ի խորհրդի ղեկավարը, միաժամանակ հանդիսանալով Մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։

ԱՕԿՍ-ի շենքն ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների ցանկում:

Բարձրաստիճան պաշտոնյային հայտնի է եղել, որ հուշարձանի հողատարածքն ընդգրկված է չփոխանցվող հողերի ցանկում, սակայն այն մասնավորեցնելու և օտարելու նպատակով նա գրություն է հասցեագրել Երևանի քաղաքապետարան, որի պաշտոնատար անձը «ակնհայտ կեղծ տեղեկություններ» է տվել: Դրանց հիման վրա հողամասերն ապօրինի գրանցվել են որպես մասնավոր սեփականություն։

2006-16-ին մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Հասմիկ Պողոսյանը:

2007-ին շենքի և հողամասի մի հատվածը հասարակական կազմակերպությունը 28,8 մլն դրամով օտարել է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության: Վերջինս իր հերթին իրականացրել է պատմամշակութային հուշարձանի ապամոնտաժման աշխատանքներ: 2011-ին ՀԿ-ն՝ խախտելով քաղաքապետի որոշման հիման վրա կնքված պայմանագրի դրույթները, Աբովյան 3-ի 201 մլն դրամ գնահատված հիմնական շենքն ու հողամասը որպես ավանդ ներդրել է մեկ այլ ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում՝ գրանցելով սեփականության իր իրավունքը նշված շենքի և հողամասի նկատմամբ։

ՀԿ-ի ղեկավարը 2012-ի հունիսի 27-ին ընկերության 100% բաժնեմասը $550,000 ձևական գործարքի արդյունքում օտարել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերություններից մեկին, որի տնօրենը Մշակույթի նախարարության նույն բարձրաստիճան պաշտոնյայի որդու կինն էր։

Այնուհետև, ձևական գործարքների միջոցով, նշված 100% բաժնեմասի 50%-ն անցել է հասարակական կազմակերպության նախագահին, 25%-ը՝ հիշյալ ընկերության տնօրենի մորը, իսկ մյուս 25%-ը մնացել է օֆշորային ընկերությանը։

Գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---