Նախարար. Չինքնամեկուսացողները կարող են վարչական պատասխանատվության ենթարկվել

Նախարար. Չինքնամեկուսացողները կարող են վարչական պատասխանատվության ենթարկվել

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակված միայն մեկ քաղաքացի է ունեցել անմիջական շփման լայն շրջանակ, նրանցից բոլորը հայտնի են և արդեն իդենտիֆիկացվել են, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մարտի 11-ին հայտարարվել էր, որ կորոնավիրուսով վարակման ևս 3 դեպք կա ՀՀ-ում, նրանք բոլորը ժամանել են Իտալիայից: Մարտի 1-ին հայտարարվել էր երկրում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին, քաղաքացին ժամանել էր Իրանից:

«Հնարավոր է` մինչև 50 հոգի դառնա, նրանց համար մեկուսացվելու որոշում կկայացվի: Նաև Իտալիայի քաղաքացու շրջանակն է մի քիչ մեծ, որոնք բոլորը միանգամից մեկուսացվել են, բայց իրենց բնակավայրերում, նրանք չեն լքելու իրենց բնակավայրերը: Դա առանձնացված շենք է Երևանում, ուրիշ մարդիկ չեն ապրում այդ շենքում»,- ասել է նախարարը:

Մարտի 11-ի երեկոյի տվյալներով 41 անձ է կարանտինում և ևս 6 ընտանիք՝ մեկուսացված: Մեկուսացման աշխատանքները շարունակվում են:

Թորոսյանը նշել է, որ ՀՀ-ում իրականացվում են հակահամաճարակային ամենախիստ միջոցառումները և գերատեսչությունները 24-ժամյա ռեժիմով այցեր են կատարում և վերահսկողություն իրականացնում:

Նախարարի խոսքով՝ դրանից ավելին չունի և ցուցված չէ:

Թորոսյանը հայտնել է, որ Իտալիայից ժամանած բոլոր քաղաքացիներին մեկուսացնելու կարիք չկա, անհրաժեշտ է խնդիրը հայտնաբերել, թեստավորել, պարզել կոնտակտային շրջանակը և այդ փոխանցման ուղին կոտրել:

Անդրադառնալով շարունակվող քարոզարշավի նպատակահարմարությանը, նա ասել է, որ որոշումները կայացվում են ժամային ռեժիմով, ցանկացած պահի կարող է այլ որոշում կայացվել և չի բացառվում, որ որևէ սահմանափակող միջոցառում լինի, այդ թվում՝ հանրային հավաքների հետ կապված:

Առողջապահության նախարարն ասել է, որ համաճարակները և նաև կորոնավիրուսը կանխարգելելու հիմնական գործիք են ինքնամեկուսացումը և սոցիալական պատասխանատվությունը: Կառավարությունը քննարկում է նաև չինքնամեկուսացողներին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Թորոսյանը նշել է, որ եթե ՀՀ-ում մեծ թվով վարակակիրներ գրանցվելու դեպքում, հնարավոր է, կարիք լինի նոր ռեսուրսների, ինչին շուրջ հիմա աշխատանքներ են տարվում:

Անդրադառնալով ուղեկցող հիվանդություններ ունեցող հնարավոր վարակակիրների հետ տարվելիք աշխատանքներին՝ նա նշել է, որ նման դեպքերում հիմնական խնդիրը շնչառության խանգարման հետ է կապված:

«Մենք գույքագրել ենք թոքերի արհեստական շնչառության քանի սարք ունենք, դրանք գտնվում են հատուկ առանձնացված հիվանդանոցում, որ կարիքի դեպքում գործի դրվեն: Մտածում ենք նաև գնելու մասին»,- ասել է Թորոսյանը՝ հավելելով, որ առողջապահական համակարգը ձևափոխում է իր աշխատելաոճը, որպեսզի պատրաստ լինի նման սցենարի:

ՀՀ-ն նաև 300,000 դիմակ է ձեռք բերել, որոնց գինը բարձր է՝ գնման արժեքի պատճառով: Թորոսյանը հիշեցրել է, որ դիմակ պետք է կրեն մարդիկ, ովքեր վարակված են կամ նրանք, ովքեր շփվում են վարակակրի հետ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---