Ջուր ու զուգարան՝ 6 ժամը մեկ, ցավ ու քրտինք․ Իտալուհի բուժքույրը՝ աշխատանքի պայմանների մասին

Ջուր ու զուգարան՝ 6 ժամը մեկ, ցավ ու քրտինք․ Իտալուհի բուժքույրը՝ աշխատանքի պայմանների մասին

PanARMENIAN.Net - Միլանի հոսպիտալներից մեկում որպես բուժքույր աշխատող Ալեսիա Բոնարին հայտնի է դարձել եվրոպական երկրի համացանցերում Instagram-ի իր էջում 800 հազարից ավելի like հավաքած, հոսպիտալի կյանքի մասին պատմող գրառմամբ։

Բոնարին հրապարակել է դիմակն ու պաշտպանիչ ակնոցը երկար կրելուց առաջացած կապտուկներով լուսանկար ու գրել, որ հոգնել է ու վախենում է գնալ աշխատանքի, սակայն անում է դա, քանի որ սիրում է իր գործը:

«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- գրել է նա:

Կինն ասել է, որ վախենում է, թե կարող է դիմակը ճիշտ չդնի, դիպչի կեղտոտ ձեռնոցների կամ պաշտպանիչ ակնոցը չկարողանա լիովին ապահովել վիրուսից պաշտպանությունը:

«Ֆիզիկապես հոգնել եմ։ Պաշտպանական միջոցները ցավ են պատճառում, հագուստը քրտնեցնող է, և երբ մեկ անգամ հագնում եմ, հաջորդող 6 ժամը չեմ կարող այլևս ջուր խմել կամ զուգարան գնալ: Ես հոգեպես եմ հոգնել, ինչպես մյուս կոլեգաներս, ովքեր նույն իրավիճակում են շաբաթներ շարունակ: Սակայն դա մեզ չի խանգարում կատարել մեր աշխատանքն այնպես, ինչպես և միշտ ենք արել»,- գրել է նա:

Բոնարին գրել է, որ կարանտինում մնալու ճոխություն իրեն թույլ տալ չի կարող, քանի որ պարտավոր է գնալ աշխատանքի և անել իր գործը, սակայն մյուսները ևս պետք է անեն այն, ինչ պարտավոր են՝ պահպանեն անվտանգության պահանջները: Նա խնդրել է հետևել տանը մնալու հորդորին և այդպիսով պաշտպանել նրանց, ովքեր ավելի թույլ են:

Բոնարիի գրառումը մոտ 820,000 մարդ է հավանել, հարյուրավորներն արձագանքել են ու իրենց աջակցությունը հայտնել: Իտալիան համարվում է կորոնավիրուսի տարածման գլխավոր օջախը Եվրոպայում, այնտեղ 15,000-ից ավելի մարդ է վարակվել, երկրում վիրուսից 1000-ից ավելի մահ կա:

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
Չեխիայի քաղաքացիներին կարգելվի նաև մեկնել երկրից