Կամերային նվագախումբը կորոնավիրուսի պատճառով չի մասնակցի «Ալ Բուստան» փառատոնին

Կամերային նվագախումբը կորոնավիրուսի պատճառով չի մասնակցի «Ալ Բուստան» փառատոնին

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի Լիբանանում անցկացվող հեղինակավոր «Ալ Բուստան» միջազգային փառատոնին:

Փետրվարի սկզբից անցկացվող փառատոնը պետք է եզրափակվեր Կամերային նվագախմբի չորս համերգով, սակայն ստեղծված իրավիճակում տեղի իշխանությունները հորդորել են զերծ մնալ զանգվածային միջոցառումների անցկացումից: Հաշվի առնելով հորդորը և երաժիշտներին ավելորդ ռիսկի չենթարկելու հանգամանքը՝ նվագախումբը Լիբանան չի մեկնի:

ՀՊԿՆ-ը՝ որպես պաշտոնական նվագախումբ, մարտի 11-22-ը պետք է ելույթ ունենար ընդհանուր առմամբ ներկայացնելով չորս համերգային երեկո: Համերգների բոլոր տոմսերը միջոցառումներից օրեր առաջ արդեն իսկ վաճառված էին:

Հայաստանի պետական կամերային նվագախմբին Լիբանան էր հրավիրել «Ալ Բուստան» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, ճանաչված դիրիժոր Ջանլուկա Մարչանոն, ով հետևել է ՀՊԿՆ-ի գործունեությանն ու հասցրել որպես դիրիժոր գործակցել երաժիշտների հետ՝ երկու անգամ Հայաստանում ղեկավարելով նվագախումբը:

«Ալ Բուստան» միջազգային փառատոնն անցկացվում է 1994 թվականից, Լիբանանում: Փառատոնի շրջանակում մշտապես հանդես են գալիս բարձրակարգ արտիստներ աշխարհի տարբեր երկրներից: Միջազգային այս ստուգատեսը լուսաբանվում է բազում հեղինակավոր ԶԼՄ-ներով և դասական աշխարհին ներկայացնում ինքնատիպ ձևաչափեր: Փառատոնի շրջանակներում կազմակերպվում են նաև վարպետության դասեր, սեմինարներ:

Մարտի 14-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է մոտ 145,000 մարդ, նրանցից մոտ 72,000-ը ապաքինվել է, մահացել է մոտ 5400 մարդ:

Կարդացեք նաև. Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---