ԿԲ․ Մոտակա ամիսներին գնաճը ՀՀ-ում ցածր կլինի

ԿԲ․ Մոտակա ամիսներին գնաճը ՀՀ-ում ցածր կլինի

PanARMENIAN.Net - Մոտակա ամիսներին գնաճը մնալու է ցածր մակարդակում։ Այդ մասին հայտարարել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ հավելելով, որ ԿԲ-ն պատրաստ է արձագանքել ցանկացած իրավիճակի։

Նա նշել է՝ հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, հնարավոր կլինի զերծ պահել ֆինանսական շուկան ցնցումներից։ Որպես օրինակ Ստեփանյանը բերել է 2014-ը՝ նշելով, որ ԿԲ-ն շատ ավելի վատ իրավիճակից կարողացավ առանց մեծ կորուստների դուրս գալ։

«Լողացող փոխարժեքի քաղաքականության շնորհիվ ունենք լայն գործիքակազմ և անհրաժեշտ պահուստներ, անցանկալի զարգացումների դեպքում գործողություններ կանենք շուկայում։ Վերջին 5-10 տարում ՀՀ-ն եղել է ամենացածր գնաճով երկրների թվում։ Նույնիսկ 2014-ի որոշակի արժեզրկումը հաշվի առնելով, մարդկանց գնողունակության վրա դա շատ չի ազդել։ Մեր նպատակն է գնաճը կառավարել, որ գնողունակությունը չնվազի։ Պատրաստ ենք անբարենպաստ զարգացման դեպքում «հանգստացնել» ֆինանսական շուկան։ Մեր ուղերձը հստակ է՝ գնաճը մնալու է ցածր մակարդակում»,- ասել է Ստեփանյանը։

Անդրադառնալով ռուսական ռուբլու արժեզրկմանը՝ Ստեփանյանն ասել է, որ ՌԴ արժույթի հետ կապված զարգացումներն անորոշ են, ամեն դեպքում տատանողականության մասին դեռ չի կարելի խոսել։

Ստեփանյանը շեշտել է, որ ԿԲ-ն տիրապետում է ֆինանսական կայունության ապահովման լայն գործիքակազմի, ունի բոլոր գործիքները հարկ եղած դեպքում անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար։

Նա հիշեցրել է նաև, որ բանկերը և վարկային կազմակերպությունները հայտարարել են, որ անհատական մոտեցում են ցուցաբերելու։

«Կան բանկեր, որ 1-2 ամսով հետաձգում են վճարումները։ Մոտեցումները տարբեր են։ Ով որ բանկում սպասարկվում է, պետք է քննարկի խնդիրն իր բանկի հետ։ Եթե անձն ունի դժվարություններ և կարող է պատշաճ ձևով ներկայացնել, ապա բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստ են վերաձևակերպել վարկի մարումը, որպեսզի վարկային բեռը չավելանա և վարկային պատմությոuնը չտուժի»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը դիմելու է միջազգային ֆինանսական կազմակերպություններին՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները հաղթահարելու համար աջակցություն ստանալու համար։ ՀՀ-ն $250 մլն stand-by համաձայնություն (այսինքն՝ ոչ թե դասական վարկ, այլ ցանկացած պահին մինչև այդ շեմը հասանելի «վարկային գիծ») ունի Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հիշատակել էր համաձայնագիրը՝ «Շանթի» եթերում տնտեսության մասին խոսելիս։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---