22 մարտի 2020 - 21:29 AMT
Փաշինյան. Կորոնավիրուսով դեպքերն ավելացել են ևս 4-ով

Հայաստանում մարտի 22-ի երեկոյի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը 194-ն է, ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 4 դեպք: Այսպիսով, ակտիվ դեպքերը 192-ն են` երկու պացիենտ առողջացել է։

«60-65-ից բարձր տարիքային խմբում մենք ունենք 9 հիվանդ, 70-ից բարձր՝ երեք հոգի, 80 տարեկանից բարձր հիվանդ չունենք, սա նշանակում է ամենասուր ռիսկային գոտում հիվանդ չունենք»,- ասել է Փաշինյանը:

Նա հիշեցրել է նաև, որ մարտի 22-ի դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակվածներից 14-ն ունեն թոքաբորբ, նրանցից 6-ն ինտենսիվ թերապիայի կարիք ունեն:

Վարչապետը հայտնել է, որ Ռուսաստանից Վրաստանի տարածքով ՀՀ է ժամանել մեր 140 համաքաղաքացի՝ չնայած ՌԴ և վրացական կողմի արգելքներին:

Փաշինյանը ՌԴ-ում գտնվողներին խորհուրդ է տվել ՀՀ գալու համար օգտվել բացառապես օդային տրանսպորտից: Նա ասել է, որ աշխարհում չկա կամ չի լինելու երկիր, որը կկարողանա խուսափել կորոնավիրուսից:

«Չկա մի երկիր, որը կարող է հայտարարել, թե պատրաստ էր կորոնավիրուսին ու գիտի, ինչպես բուժել այն»,- նշել է վարչապետը:

Նա հիշեցրել է, որ կորոնավիրուսը վտանգավոր է հատկապես 75-ից բարձր տարիքային խմբի համար ու նշել, որ պետք է բացառվի թոշակառուների՝ փոստային ծառայությունից օգտվելը:

«Մեր մեծագույն խնդիրը ոչ միայն և ոչ այնքան կորոնավիրուսի տարածումը կանխելն է, որքան ապահովելը, որ դրա արդյունքում չունենանք մահեր կամ ունենանք նվազագույն մահեր»,- ասել է վարչապետը:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: