Հիլդա Չոբոյան. Եվրահանձնաժողովը պետք է խրախուսի Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրած թուրքերին

PanARMENIAN.Net - «Հայ եւ թուրք մտավորականության ներկայացուցիչների կարծիքների նմանությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նոր փուլ է բացում Հայաստանի եւ Թուրքիայի համար: Մենք ճանաչում եւ ողջունում ենք այն ժողովրդավարական հասունությունը, որը ցուցաբերել են թուրք մտավորականության ներկայացուցիչները` Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրելով հայերից: ԵՄ-ն պարտավոր է աջակցել թուրք մտավորականության այդ գործողությանը»,- հայտնել է Եվրոպայի Հայկական ֆեդերացիայի (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են EAFJD-ում, Հիլդա Չոբոյանը նշել է, որ եթե անգամ Եվրահանձնաժողովը անտարբերությամբ վերաբերվի ԵՄ-ում Թուրքիայի անդամությանը, նման դիրքորոշումը չպետք է տարածվի Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վրա: Նրա խոսքերով, Եվրոպան պետք է աջակցի թուրքական հասարակության էվոլյուցիային եւ դադարի խրախուսել թուրքական կառավարության դիրքորոշումը, որն «իր հասարակությանը ներքեւ է տանում»:



«Եվրահանձնաժողովը պետք է խրախուսի այդ համարձակ թուրք դեմոկրատների գործողությունները. նրանք ոչ միայն արհամարում են Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով դատվելու վտանգը, այլեւ սպառնալիքի տակ են դնում իրենց կյանքը` մնացած թուրքերին կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- հայտնել է Հիլդա Չոբոյանը:



«Հայե'ր, ներե'ք մեզ» հանրագրի տակ, որում Հայոց ցեղասպանության համար ներողություն է հայցվում հայ ժողովրդից, իրենց ստորագրությունն են դրել արդեն ավելի քան 10 հազար մարդ: Հանրագիրը դեկտեմբերի 15-ին տեղակայվել է Ինտերնետում եւ մեկ օրվա ընթացքում հավաքել ավելի քան 8 հազար ստորագրություն:



Քարոզչության նախաձեռնողներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշքին Օրանն ու Թուրքիայի ակադեմիական շրջանակների եւս 200 ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: «Ես չեմ կարող համաձայնել Օսմանյան կայսրության հայերին բաժին հասած այդ աղետի հանդեպ անտարբերության եւ ժխտման հետ: Ես հրաժարվում եմ անարդարությունից, գործում եմ իմ կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը եւ հայցում նրանց ներողամտությունը»,- ասվում է հանրագրում:



Ավելի վաղ հայ մտավորականության ներկայացուցիչները բաց նամակ էին ուղարկել Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին: Նամակում, մասնավորապես, պարունակվում էր Հայոց ցեղասպանությունը` մարդկության դեմ սարսափելի հանցագործությունը, որը վաղեմության ժամկետ չունի, ճանաչելու կոչ: Նամակի հեղինակները հատկապես նշում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչման փաստն անհրաժեշտ է առաջին հերթին թուրք ժողովրդին, որն այդպիսով կազատվի պատմության ծանրությունից եւ պարզ երեսով կկանգնի մյուս պետությունների շարքում:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---