100-250,000 դրամի տուգանք՝ ինքնամեկուսացումը խախտելու համար. 92 մեքենայից 3-րդ անձին դուրս են հրավիրել

100-250,000 դրամի տուգանք՝ ինքնամեկուսացումը խախտելու համար. 92 մեքենայից 3-րդ անձին դուրս են հրավիրել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում արտակարգ դրության հետևանքով նախատեսված տեղաշարժի սահմանափակումների պահանջն իրականացնելու համար մարտի 25-ից ոստիկանությունը շուրջօրյա աշխատանքներ է իրականացնում, 92 մեքենայից երրորդ անձինք դուրս են հրավիրվել, 2 ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի դեպքում միջոցներ են կիրառվել, հայտարարել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:

Արդարադատության նախարարութան հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության վարչության պետ Արփինե Սարգսյանն էլ տեղեկացրել է, որ գործում են վարչական և քրեական պատասխանատվության մեխանիզմներ՝ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներին չենթարկվելու դեպքում:

Մհրյանը հայտնել է, որ ոստիկանությունը պարետի ցուցմանը համապատասխան, գործողություններ է իրականացնում՝ մինչև 16:00-ն պրոցեսը կարգավորելով միայն հորդորներով, իսկ այդ ժամից հետո իր գործողությունները կիրականացնի օրենքով սահմանված կարգով:

Նա հայտնել է, որ ոստիկաններն իրենց ուժերի սահմաններում ՀՀ տարածքում ծառայություն են իրականացնում և հնարավորինս փորձում են կատարել պարետի ցուցումները:

Անդրադառնալով սահմանափակումներին չենթարկվելու պարագայում առկա օրենսդրական կարգվորումներին՝ Սարգսյանը, իր հերթին, նշել է, որ նման դեպքերում օրենքով սահմանված է վարչական և քրեական պատասխանատվություն:

Նրա խոսքով՝ վարչական իրավախախտումների օրենքում փոփոխությամբ առավել հստակեցվել է ԶԼՄ-ի կողմից կառավարության որոշմամբ սահմանափակման կանոնները չկատարելու դեպքում պատասխանատվության չափը: Նման դեպքում, որպես տուգանք սահմանվել է նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկը: 500-1000-ապատիկի չափով տուգանք է նախատեսված այն դեպքում, երբ լրատվական գործունեություն իրականացնողը կարգի խախտմամբ տուգանվելուց հետո չի հեռացնում հրապարակումը:

Սարգսյանը հիշեցրել է, որ ԱԺ-ն նաև պատասխանատվություն է սահմանել ինքնմեկուսացման կամ մեկուսացման, ինչպես նաև ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման կանոնները չպահպանելու համար. այդ պարագայում նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-250-ապատիկի չափով:

«Եթե սահմանված կանոնի խախտումը հանգեցրել է որոշակի հետևանքի, օրինակ՝ անձը խախտել է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման կամ ինքնամեկուսացման և մեկուսացման կանոններն ու արդյունքում անզգուշությամբ գրանցվել է այլ անձի վարակում, այս դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսված»,- ասել է Սարգսյանը:

Նա հայտնել է, որ քրեական պատասխանատվություն է սահմանաված նաև այն դեպքում, երբ կանոնների խախտումն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ անձը դիտավորյալ վարակել է այլ անձանց:

Սարգսյանի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսով վարակվածներ չկան, թեստեր արվել են, սակայն բացասական արդյունքով: ՔԿՀ-ներում գործում են տեսակցությունների և հանձնունքի արգելք, մուտք և ելք անող բոլոր քաղաքացիներն էլեկտրոնային եղանակով ջերմաչափվում են: ՀՀ ՔԿՀ-ներում 14 ջերմաչափ կա, առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացվում են նաև սանիտարական մաքրում և կանխարգելիչ միջոցառումներ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 25-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 265-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ևս 16-ով: Ապաքինվել է 16 անձ։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---