ՀԾԿՀ․ Կորոնավիրուսը ֆորս մաժոր է, լույսը, ջուրն ու գազը չեն անջատելու

ՀԾԿՀ․ Կորոնավիրուսը ֆորս մաժոր է, լույսը, ջուրն ու գազը չեն անջատելու

PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։ Դա նշանակում է, որ մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը, հայտնում է ՀԾԿ-ն։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ֆինանսական խնդիրներ, կոմունալ վճարումներ կատարելու դժվարություն ունեցող քաղաքացիներին ընդառաջելու հարցին ԱԺ-ում, ասել էր, թե կառավարությունում կարծում են, որ սոցիալական աջակցությունը հասարակությանը պետք է հասցեական լինի, որպեսզի դրանից չօգտվեն մարդիկ, որոնք դրա կարիքն իրականում չունեն։

«Մենք այդ աջակցությունը ցուցաբերելու ենք հանրային միջոցներով և ճգնաժամն անցնելու է, ու պետք է հաշվետվություն տանք՝ որքանով ճիշտ, թիրախավորված և հասցեական եղավ: Նույնը վերաբերում է նաև կոմունալ վճարումներին: Այսօր կա կոնտեքստ, որ եկեք կոմունալ վճարումները հետաձգենք: Օրինակ՝ ինչո՞ւ պետք է հետաձգվեն պետաշխատողների կոմունալ վճարները, նրանք աշխատավարձ են ստանում»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև սոցիալապես անապահով այն խավերին, «որոնց կյանքում ոչինչ չի փոխվել», ըստ էության՝ փետրվարին էլ էր նպաստառու, հիմա էլ:

Փաշինյանն ասել է, որ նպաստառուները շարունակելու են նույն կերպ ստանալ իրենց նպաստը, իսկ գների մեջ էական փոփոխություններ չեն եղել:

Վարչապետը հայտնել է նաև, որ պարետը մշտական հաղորդակցության մեջ է եղել և ձեռք է բերվել պայմանավորվածություն, այդ թվում «Գազպրոմ Արմենիայի» հետ, որ անջատումներ չեն լինի:

«Սրա մասին շուտ չէինք խոսում, չէինք ցականում, որ դա օգտագործվի որպես կոմունալ վճարները չվճարելու ազդանշան»,- ասել է նա՝ կոչ անելով, որ նրանք, ովքեր ունեն վճարելու հնարավորություն, չուշացնեն, քանի որ վատթար վիճակի մեջ են դնում անապահով խավին:

Ավելի վաղ քննարկումներ էին տարվում՝ կոմունալ վճարումները որոշ ժամանակով հետաձգելու մասին:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 25-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 265-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ևս 16-ով:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
ՌԴ-ում սահմանափակումների ռեժիմը չի ազդելու ՀՀ-ի վրա
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն ուսումնասիրում է ալկոգելի շուկան՝ խախտումների մասին ահազանգերի հիմքով
Փաշինյանն ասել է, որ կորոնավիրուսից հետո ավելի ուժեղացած դուրս կգան այն երկրները, որոնք կհասցնեն ռազմավարական բնույթի որոշումներ կայացնել
«Պատրաստ ենք անբարենպաստ զարգացման դեպքում «հանգստացնել» ֆինանսական շուկան»,- ասել է նա