ԵՊԲՀ ռեկտորն առաջարկել է ուսվարձից ազատել «Նորքում» կամավոր աշխատող օրդիանատորներին

ԵՊԲՀ ռեկտորն առաջարկել է ուսվարձից ազատել «Նորքում» կամավոր աշխատող օրդիանատորներին

PanARMENIAN.Net - ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն առաջարկել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կամավոր աշխատող 4 կլինիկական օրդինատորի ազատել ուսման վարձի վճարումից, իսկ մյուս 4-ին, որոնք սովորում են անվճար համակարգում, խրախուսել: Այդ մասին ռեկտորը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Միջնորդագիր եմ ուղարկել Գիտխորհրդին՝ առաջարկելով այսուհետ ազատել ուսման վարձի վճարումից ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի 4 օրդիանատորներ՝ Լենա Նազարյանին, Մովսես Գևորգյանին, Կլեմենտ Պետանյանին, Մարիամ Հակոբյանին»,-գրել է նա:

Իսկ կլինիկական մյուս 4 օրդինատորը՝ Լևոն Յավրյանը, Կառլեն Սարգսյանը, Արմինե Մարգարյանը, Էլմիրա Իսախանյանը, որոնք սովորում են անվճար համակարգում, հատուկ խրախուսում կստանան ԵՊԲՀ-ի կողմից:

«Մեր 8 ապագա բժիշկներն առաջնագծում են՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Նրանք օր ու գիշեր, անտրտունջ, հերոսական աշխատանք են իրականացնում... Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել այս 8 խիզախների համար։ Հ.Գ. Ի դեպ, ԵՊԲՀ կամավորների խրախուսումը շարունակական է լինելու»,- ասվում է ռեկտորի գրառման մեջ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 26-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 290-ի, ապաքինվել է 18 անձ:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ