Մարտի 15-ից հետո աշխատանքը կորցրածները երեխայի համար միանվագ նպաստ կստանան

Մարտի 15-ից հետո աշխատանքը կորցրածները երեխայի համար միանվագ նպաստ կստանան

PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ՝ միանվագ նպաստ կտրվի այն ընտանիքներին, որոնք ունեն անչափահաս երեխա և չունեն աշխատանք: Մասնավորապես, աջակցություն կտրվի, եթե երկու ծնող ազատվել են աշխատանքից 2020-ի մարտի 15-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, կամ ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից նույն ժամանակահատվածում, իսկ մյուսն աշխատանք չի ունեցել, կամ էլ եթե ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած:

Կառավարության որոշմամբ՝ աջակցություն կստանա նաև միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են), որն ազատվել է աշխատանքից մարտի 15-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Աջակցությունը տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի (68,000 դրամ) չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:

ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանափակվել է գործունեության մի շարք ոլորտների աշխատանքը, որոշ մարդիկ չունեն վաստակելու հնարավորույթուն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ սոցիալական աջակցություն կտրամադրվի՝ սակայն խիստ հասցեական՝ նրանց, ում դա անհրաժեշտ է:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 26-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 290-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 25-ով: Ապաքինվել է 18 անձ, փաստացի բուժվում է 272-ը։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ