ԱԳՆ․ Հայ ուսանողների վերադարձն ԱՄՆ-ից կազմակերպվել է

ԱԳՆ․ Հայ ուսանողների վերադարձն ԱՄՆ-ից կազմակերպվել է

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպվել է Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում ուսանող ՀՀ քաղաքացիներից բաղկացած 15-հոգանոց խմբի և Այովա նահանգում սովորող 3 ուսանողի վերադարձը Հայաստան՝ նրանց ապահովելով նաև առողջապահական անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցներով: Այդ մասին ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Վերջին օրերին դեսպանության հետ կապ է հաստատել 18 ուսանող, որոնցից 12-ը ցանկություն էր հայտնել վերադառնալ ՀՀ: Վերջիններիս խորհուրդ էր տրվել անմիջապես ձեռք բերել Լոս-Անջելես-Մոսկվա-Երևան կամ Նյու Յորք-Մոսկվա-Երևան թռիչքների տոմսեր, քանի որ այդ օրերի դրությամբ դա ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու միակ ուղին էր:

Մարտի 27-ից սկսած՝ ՌԴ կառավարության կողմից կիրառված սահմանափակումների պատճառով արգելվեց օտարերկրյա պետությունների քաղաքացիների վերադարձը Aeroflot ավիաընկերության միջոցով, ինչի արդյունքում ուսանողներից ոմանք չեն կարողացել վերադառնալ Հայաստան:

Չնայած դասերի չեղարկվելու հանգամանքին՝ դեսպանություն դիմած ուսանողներից որևէ մեկը չի ահազանգել բնակության վայր կամ միջոց չունենալու մասին, բացառությամբ ՀՀ երկու քաղաքացու: Վերջինների խնդրի հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկվել են:

ՀՀ դեսպանությունը նաև կապ է պահպանում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 36 աշակերտի և ծրագրի հայաստանյան ներկայացուցչի հետ: Վերջիններիս առջև ԱՄՆ-ն լքելու պահանջ, ըստ ԱԳՆ-ի, չի դրվել:

Վերոնշյալ ծրագրով ԱՄՆ-ում գտնվող միայն մեկ ուսանողի նախապես ծրագրված վերադարձը Հայաստան չի կայացել մարտի 27-ին գնված վերադարձի տոմսի՝ ավիաընկերության կողմից չեղարկվելու պատճառով: Վերջինս չի կարողացել լքել ԱՄՆ տարածքը և այժմ ծրագրի պատասխանատուի կողմից ապահովված է կեցության բոլոր հնարավորություններով:

Չվերթերի վերսկսման պարագայում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ջանքեր կձեռնարկի երկրում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու հարցում հնարավոր աջակցություն ցուցաբերելու գործում:

ԱԳՆ-ն կոչ է անում ԱՄՆ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին անպայման կապ պահպանել դեսպանության հետ, ներկայացնել առկա խնդիրները՝ հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերելու համար:

Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված մինչ օրս հաշվառվելու, խորհրդատվության և աջակցության հարցերով ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն է դիմել ԱՄՆ-ում տարբեր ծրագրերով ուսանող 38 ՀՀ քաղաքացի: Դեսպանությունը մշտական կապի մեջ է գտնվել վերջիններիս հետ՝ տրամադրելով օպերատիվ տեղեկատվություն և համապատասխան խորհրդատվություն համավարակի համատեքստում տիրող իրադրության, Հայաստան վերադառնալու հնարավոր չվերթների, ԱՄՆ-ի և տարանցիկ երկրների կողմից կիրառվող կարգավորումների և սահմանափակումների վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---