Նախարար. Մարտի 13-ից 30-ն աշխատանք կորցրածները նվազագույն աշխատավարձի չափով միանվագ օգնություն կստանան

Նախարար. Մարտի 13-ից 30-ն աշխատանք կորցրածները նվազագույն աշխատավարձի չափով միանվագ օգնություն կստանան

PanARMENIAN.Net - ՀՀ այն քաղաքացիները, որոնք աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ առնվազն 2020-ի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում և ազատվել են աշխատանիքից մարտի 13-ից հետո, կստանան միանվագ օգնություն՝ նվազագույն աշխատավարձի չափով, հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Կառավարությունն աջակցող ծրագրեր է մշակել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները թեթևացնելու համար: Նախատեսվում է աջակցություն բիզնեսին և հասցեական սոցաջակցություն, դրա կարիքն ունեցող քաղաքացիներին և նրանց, ովքեր աշխատանքը կորցրել են կորոնավիրուսի հետ կապված դժվարությունների պատճառով:

«Աջակցության տրամադրումը ենթադրում է միանվագ ամսական աջակցություն՝ ամսական նվազագույն աշխատավարձի չափով: Աջակցությունից չեն կարող օգտվել անձինք, որոնց աշխատանքից ազատվելուն նախորդող երկու ամսվա աշխատավարձը գերազանցել է 500,000 դրամը, որոնք 2020-ի մարտի 30-ը ներառյալ աշխատանքային հարաբերության մեջ են եղել այլ կամ նույն գործատուի հետ՝ ուրիշ աշխատանքային պայմանագրով, մարտի 30-ի դրությամբ անհատ ձեռնարկատեր են եղել կամ հանդիսանում են անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքին տրվող աջակցության շահառու»,- ասել է Բաթոյանը:

Նախարարը նշել է, որ ապրիլի 2-ից հետո ծրագիրը կգործարկվի և, հնարավոր է, քաղաքացիներն աջակցություն ստանալու համար դիմումներ լրացնելու կարիք չունենան։ Նախարարությունը ՊԵԿ-ի ցուցակներով աշխատանքից ազատվածներին հասցեական աջակցություն կցուցաբերի:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 30-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի: Վիրուսից 3 հոգի մահացել է, վերականգնվել է 30 հոգի:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---