Սահակյան․ Արցախի պետականության հանդեպ ոտնձգությունների փորձերը կզսպվեն օրենքով

Սահակյան․ Արցախի պետականության հանդեպ ոտնձգությունների փորձերը կզսպվեն օրենքով

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով մարտի 31-ին ընթացող նախագահական և խորհրդարանական ընտրություններին, հայտարարել է, որ օրենքից դուրս հավանական զարգացումների դեպքում՝ իշխանությունները պարտավոր են զսպել դրանք։ Նա հավելել է, որ ի սկզբանե ստեղծվել են ու այսօր էլ կան բոլոր պայմանները, որպեսզի ընտրությունները սահմանված չափորոշիչներով հասցվեն իրենց տրամաբանական ավարտին, գրում է Արցախպրեսը։

Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր հետևել են նախընտրական փուլին, նկատել են, որ քարոզարշավի ընթացքը եղել է բաց և ազատ մրցակցային:

«Բոլոր նրանց հանդեպ, ովքեր կփորձեն ոտնձգություններ իրականացնել մեր պետականության դեմ կամ արհեստական լարվածություն ստեղծել մեր հայրենիքում, պարզ է, կգործադրենք օրենքով սահմանված միջոցները: Բայց քանի որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ գիտակցումը եղել է դժվարությունները հաղթահարելը և հաջողությունների հասնելը, համոզված եմ, որ այս քաղաքական գործընթացն էլ բացառություն չի լինելու: Մենք համոզված ենք նաև, որ այդպիսի զարգացումներ չենք ունենալու»,- ասել է ԱՀ նախագահը:

Հարցին, թե կցանկանար արդյոք մնալ քաղաքական դաշտում և որևէ պաշտոն զբաղեցնել, ԱՀ նախագահը պատասխանել է, որ նման քննարկումներ որևէ մեկի հետ չի ունեցել և որ պաշտոնաթող նախագահը կոչված է անտարբեր չլինելու երկրի ներսում այս կամ այն զարգացումների հանդեպ, ճիշտ հակառակը՝ նա պետք է փորձի իր հնարավորությունների սահմաններում օգտակար լինել ոչ միայն իշխանությանը, այլև հայրենիքին:

Մարտի 31-ին Արցախում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Նախագահի պաշտոնի համար պայքարում է 14 թեկնածու: Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 12 կուսակցություն և կուսակցությունների դաշինք: Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Արցախում ընտրության իրավունք ունի 103,506 քաղաքացի:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---