Ավինյան. Սահմանափակումները կխստացվեն, հույս կա մայիսի սկզբին վերադառնալու բնականոն կյանքի

Ավինյան. Սահմանափակումները կխստացվեն, հույս կա մայիսի սկզբին վերադառնալու բնականոն կյանքի

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման համար ներդրված սահմանափակումների և բնակչության՝ ցուցումներին հետևելու շնորհիվ հույս կա, որ ապրիլի վերջից մայիսի սկիզբ ընկած ժամանակահատվածում երկիրն ամբողջությամբ կվերադառնա բնականոն ռեժիմին, հայտարարել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նա հայտնել է, որ Կառավարությունը մոտենում է կորոնավիրուսի կանխարգելման համար մշակված ռազմավարության երրորդ փուլին, որտեղ նախատեսվում են ամենախիստ սահմանափակումները:

Փոխվարչապետի խոսքով՝ գործելու են ազատ տեղաշարժի հնարավոր բոլոր սահմանափակումները, սահմանափակվելու է նաև տնտեսական գործունեության որոշ ոլորտների աշխատանքը, տնտեսվարողներին պարտադրելու են անվտանգության և սանիտարահամաճարակային կանոնների հետևել, ավելացվելու են վերահսկողության մեխանիզմները, կիրառելու են տարբեր տույժեր և տուգանքներ:

Ավինյանի խոսքով՝ խիստ սահմանափակումներին հաջորդող փուլում՝ ապրիլի 14-ից հետո հույս կա էֆֆեկտիվ գործիքներ զարգացնել, որոնք թույլ կտան կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել:

«Այդ գործիքներն արդեն իսկ առկա են, մենք սպասում ենք օրենքի նախագծի ընդունմանը»,- ասել է նա:

Պարետը հայտնել է նաև, որ, օրինակ՝ հավելված կա, որով ինքնամեկուսացված անձին հաղորդագրություն է գալու՝ ֆիքսելով նրա գտնվելու վայրը:

Պարետը հայտնել է, որ սահմանափակումները նպատակ ունեն նվազեցնել վարակի տարածման ինտենսիվությունը:

«Աժ-ում քննարկվող լուծումները մեզ թույլ են տալու էֆեկտիվ կերպով, ավտոմատացված հայտնաբերել անձանց, որոնք վարակակրի հետ շփում են ունեցել»,-հայտնել է նա՝ նշելով, որ նպատակ կա կանխարգելման մեթոդներով քիչ-քիչ հրաժարվել սահմանափակումներից:

Ավինյանն ասել է նաև, որ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով ոստիկանական ուժերին այլ ուժեր ևս կմիանան:

«Վարույթները և վարչական տուգանքներն ինքնանպատակ չեն, մենք բոլոր հնարավոր միջոցներով՝ կոչերով, սահմանափակումներով, վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, քրեական օրենսգրքում փոփոխություններով բոլոր մեխանիզմներով շարունակելու ենք միջոցառումներ իրականացնել, որով կսահմանափակենք մարդկանց տեղաշարժը»,- ասել է Պարետը:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը սահմանված տեղաշարժման խիստ սահմանափակումներն առնվազն 10 օրով երկարաձգվել են: Մարտի 31-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի: Երկրում 3 հոգի մահացել է կորոնավիրուսից, վերականգնվել է 30 հոգի:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---