136,000 դրամի աջակցություն՝ միկրոձեռնարկություններին

136,000 դրամի աջակցություն՝ միկրոձեռնարկություններին

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 10-րդ միջոցառմամբ Կառավարությունը կաջակցի 2020-ի հունվարի 1-ից հետո որպես միկրոձեռնարկություն հանդես եկող սուբյեկտներին, հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ աջակցությունը տրամադրվելու է գործունեությունը պատշաճ կերպով փաստաթղթավորածներին։

Ծրագրի շրջանակում թիրախավորվել է 3 խումբ․ առաջին խմբում նրանք են, ովքեր 2019-ին եղել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, երկրորդում՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզանձինք, որոնք հարկային օրենսգրքով ինքնազբաղված են եղել։ Երրորդ խմբում ընդգրկված են անձինք, որոնք ինքնազբաղված չեն, 2020-ից հետո ներկայացրել են միկրոձեռնարկության սուբյեկտ հանդիսանալու հայտ և 2019-ին չեն եղել անհատ ձեռնարկատեր։

Անանյանի խոսքով՝ ծրագրի շահառուների թիվը մոտ 6000 է, նրանք կստանան միանվագ աջակցություն 2020-ի հունվարի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված ծառայությունների դիմաց՝ իրացումից հասույթի 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը (136,000 դրամ)։

Բացի այդ, միանվագ աջակցություն են ստանում նաև այն անձինք, որոնք 2020-ի հունվարի 1-ից հետո հանդիսանում են միկրոձեռնարկատեր, բայց անհատ ձեռնարկատեր չեն, և այն անձինք, որոնք ապրիլի 1-ի դրությամբ ներկայացրել են ՀԴՄ մեքենայի հայտ, բայց ապրիլի 1-ի դրությամբ դեռ այն չեն ստացել։

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք արձանագրել են առևտուրը ՀԴՄ կտրոններով, ավելի շատ աջակցություն կստանան։ Կառավարությունը նաև բացառել է ընդունված 10 ծրագրով կրկնակի աջացություն ստանալու հավանականությունը։

Ավելի վաղ գործադիրն ընդունել էր աջակցության 9 ծրագիր՝ կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքները վերացնելու համար։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 921-ի: Ապաքինվածների թիվը հասել է 138-ի։ Մահվան 10 դեպք կա։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---