Եսայան․ Նպատակն է գնել Ucom-ի բաժնեմասի 94%-ը, մերը չենք վաճառելու

Եսայան․ Նպատակն է գնել Ucom-ի բաժնեմասի 94%-ը, մերը չենք վաճառելու

PanARMENIAN.Net - Հեռահաղորդակցության օպերատոր «Յուքոմի» հիմնադիր Հայկ Եսայանը յութուբյան տեսաուղերձ է հղել ընկերության աշխատակիցներին՝ անդրադառնալով ընկերության բաժնետերերի հակասություններին և «լուրջ խնդիրներին»։

Ապրիլի 9-ին հայտնի դարձավ Եսայան եղբայրների՝ ընկերության ղեկավարությունից հեռանալու մասին։ Ըստ ԶԼՄ-ների` պատճառն այլ բաժնետերերի հետ կոնֆլիկտն է․ նրանք պատրաստվում էին միավորումից հետո տնօրեն նշանակել «Բիլայնի» ղեկավար Անդրեյ Պյատախինին։

Ապրիլի 10-ին Բարձր տեխնոլոգիաների ու արդյունաբերության նախարարությունը հայտնեց, որ համաձայնություն չի տվել «Յուքոմի» ու «Բիլայնի» գործարքին։

«Տարաձայնություններ կան ընկերության ռազմավարության, տեսլականի շուրջ և մեկ տարի փորձում եմ իմ տեսլականը բացատրել բաժնետերերին և այդ ուղով տանել։ Ցավոք, դա լավ չի ստացվել ու չեմ կարողացել, կա մոտեցումների տարբերություն։ Ես գնացի հրաժարականի դիմումով, դա խնդիր չէ ու միգուցե բացում է նոր դռներ բոլորիս համար»,- ասել է Եսայանը։

Նրա խոսքով՝ մեկ ամիս առաջ դիմել են բաժնետերերին՝ իրենց բաժնեմասը վաճառելու համար, և ստացել դրական պատասխան, սակայն վաճառքի համար անհրաժեշտ ֆինանսների հայթայթումից հետո մյուս բաժնետերերն արդեն բացասական են արձագանքել այս գործարքին, ինչը Եսայանը վիրավորական է համարել։։

«Մենք այդ պարագայում հասկացանք, որ երևի ավելի լավ է վաճառենք մեր բաժնեմասն ու ստեղծենք ավելի լավը։ Հետո հասկացանք, որ էս ի՞նչ ենք անում, ի՞նչ վաճառել։ Հիմա հասկանում եմ, որ մեր մասնաբաժինը չի կարող վաճառվել։ Մենք մեր բաժնեմասը պահելու ենք այնքան, քանի մեր տեսլականը կա, դուք կաք»,- ասել է Եսայանը՝ հավելելով, որ նպատակ կա գնելու ընկերության բաժնետոմսերի 96%-ը։

Հայկ և Ալեքսանդր Եսայաններն ընկերության 5.94% բաժնետերերն են, նրանք առաջարկել են մյուս սեփականատերերին իրենց վաճառել մնացած բաժնետոմսերը։ 94.06% բաժնետոմսի համար առաջարկ է արվել վճարել 22․1 մլրդ դրամ (մոտ $44 մլն):

Եսայանի խոսքով՝ բաժնետոմսերը գնելու համար ներգրավելու են վարկային միջոցներ, թողարկելու են պարտատոմսեր, իսկ ընկերության բաժնետոմսերի 20%-ը վաճառվելու է աշխատակիցներին։

Եսայանը նշել է, որ այս օրերին որոշ աշխատակիցների առաջարկ է արվել աշխատավարձերը կրկնապատկելու, սակայն եթե նման հնարավորություն լիներ, ապա ինքը դա կաներ իր տնօրինության ժամանակ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---