ՀՀ նախագահը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

ՀՀ նախագահը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախում նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաջողության հասնելու և Արցախի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ։

Հեռախոսազրույցում նախագահ Սարգսյանն ասել է, որ Արայիկ Հարությունյանը նախագահի պաշտոնը ստանձնելու է Արցախի համար շատ բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում՝ պայմանավորված աշխարհում իրադարձություններով և մասնավորապես տարածաշրջանում ընթացող բարդ աշխարհաքաղաքական գործընթացներով։

«Արցախի Հանրապետությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ կայացած երկիր է՝ իր պետական մարմիններով և, ամենակարևորը, իր քաղաքացիներով: Այսօր առավել քան երբևէ մենք միասնական ու համախմբված լինելու կարիք ունենք»,-ասել է Հայաստանի նախագահը։

Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Արայիկ Հարությունյանը կկարողանա ամրապնդել համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտը Արցախում, կազմակերպել և ապահովել Արցախի անվտանգությունը, տնտեսական ու քաղաքական զարգացումը, համախմբել ժողովրդին միասնական նպատակների շուրջ։

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախնական տվյալներով ստացել է ձայների 87%-ը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ Հայերնիք» կուսակցության ղեկավար, Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել են Արայիկ Հարությունյանը, որն առաջին փուլում ստացել էր ընտրության մասնակիցների քվեների 49,26 տոկոսը, և ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 տոկոս)։ Մայիլյանը 2-րդ փուլից առաջ կոչ էր արել իր ընտրողներին չմասնակցել քվեարկությանը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---