Փաշինյան․ Նորաշենը փակվել է, քանի որ մեկուսացվածներից մեկը հոգեհանգստի է մասնակցել

Փաշինյան․ Նորաշենը փակվել է, քանի որ մեկուսացվածներից մեկը հոգեհանգստի է մասնակցել

PanARMENIAN.Net - Արարատի մարզի Նորաշեն գյուղը Պարետատան որոշմամբ փակվել է, քանի որ մեկուսացման մեջ գտնվող բնակիչներից մեկը, ով մասնագետների ուղեկցությամբ մասնակցել է հարազատի հոգեհանգստի արարողությանը՝ չի պահպանել նախապես տրված ցուցումները, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պարետի ապրիլի 15-ի որոշմամբ՝ արգելվել է Արարատի մարզի Նորաշեն համայնք անձանց ու տրանսպորտային միջոցների ելումուտը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաներին, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման:

Մուտք գործելու համար բացառություն է սահմանվել մինչև ապրիլի 15-ը՝ ժամը 24:00-ն, Նորաշենում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքի համար:

«Գյուղում մեկուսացման մեջ գտնվող ընտանիքներից մեկում դժբախտություն է եղել, և դիմումի հիման վրա մեկուսացման մեջ գտնվող անձն ուղեկցվել է հոգեհանգստի արարողության՝ նախապես զգուշացվելով, որ պետք է հեռավորություն պահի։ Նա գնացել է ոստիկանի և մասնագետի ուղեկցությամբ։ Հասկանալի է, որ հուզումնալից պահ է եղել, և, ի հեճուկս հորդորների, պայմանները չեն պահպանվել, և, ինչպես սովորական դեպքերում է լինում, գրկախառնվել է հարազատների հետ։ 2 օր անց այդ մարդու մոտ թեստը դրական է ցույց տվել։ Պարետատունը որոշել է համայնքն ամբողջությամբ մեկուսացնել»,- պատմել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ նման դեպքում Պարետատունը ճիշտ որոշում է կայացրել՝ անձին թույլատրելով մասնակցել հարազատի հոգեհանգստին, և Ոստիկանությունը, իր հերթին, չի կարող հետևել այդ ընթացքին և որևէ կերպ խոչընդոտել։

Փաշինյանը նշել է, որ այս իրավիճակը չափազանց լուրջ է, կան վարակված հարազատներ, իսկ վատագույն ելքի դեպքում ընդհանրապես, ազգակցական, ընտանեկան հարաբերություններ են քանդվում։

Վարչապետը հորդորել է մտածել սեփական գործողությունների բարոյական հետևանքների մասին՝ նշելով, որ յուրաքանչյուրն առանձնահատուկ պատասխանատվությամբ պետք է վերաբերվի իր շրջապատին։

Փաշինյանը հիշեցրել է, որ առաջիկայում ՀՀ-ում ապրիլի 24-ի կարևոր հիշատակի օրն է, սակայն էմոցիոնալ պահվածքի արդյունքում չի կարելի թույլ տալ, որ հարյուրավոր մարդիկ մահանան։

Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1159-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 48-ով: Մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 18-ի, ապաքինվել է 358։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---